Կառավարությունը բյուջեում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ Ազգային ժողով կմտնի երկու դեպքում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ Ֆինանսաների փոխնախարար Վարդան Արամյանն ու պարզաբանեց. «Մի դեպքում, եթե ՀՆԱ-պահասուրդ ցուցանիշը գերազանցի նախատեսված 7,5 տոկոսի սահմանաչափը, որի դեպքում մենք պարտադրված կլինենք մտնել ԱԺ, քանի որ դա օրենքով է սահմանված: Երկրորդ դեպքն այն է, որ մենք իրավունք ունենք բյուջեի 10 տոկոսի սահմաններում կատարել որոշակի փոփոխություններ եւ եթե այդ 10 տոկոսը գերազանցող փոփոխություններ պահանջվի, կրկին կառավարությունը պարտադրված կլինի մտնել ԱԺ եւ բյուջեի նոր տարբերակ կազմել»: Նրա խոսքով, այսօր այդ 10 տոկոսը մոտավորապես 90 միլիարդ դրամից ավելի է:
Հարցին, թե ինչպես է ստացվել, որ կառավարությունը նախատեսում է տարին փակել 12-15 տոկոս տնտեսական անկումով, մինչ դեռ բյուջեով 9 տոկոս աճ է նախատեսված, Վ. Արամյանն արձագանքեց. «Մենք բազմիցս խոսել ենք, որ 9,2 տոկոս տնտեսական աճը ներկա դրությամբ անիրականանալի է: Մանկամտություն կլիներ, որ մենք այսօր խոսեինք նման աճի մասին, մենք խոսում ենք 12-15 տոկոս անկման մասին»: Ինչ վերաբերում է բյուջեի կատարմանը, փոխնախարարն ասաց. «Բյուջեն կկատարենք այն փոփոխված տարբերակով, որը դրված է կառավարության կայքէջում: Մենք 98 միլիարդի չափով ծախսերը հետաձգեցինք, դրա մի մասը ամենայն հավանականությամբ չի կատարվի: Այսինքն այդ չկատարված մասը կտեղավորվի բյուջեի 10 տոկոսի չափով փոփոխության սահմաններում եւ կառավարությունը ստիպված չի լինի մտնել Աժ բյուջեում փոփոխություններ առաջարկելու համար»:




























