Վճռաբեկ դատարանը հուլիսի 17-ին վերադարձրել է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով տուժողի բողոքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ իրեն այդ մասին հայտնել են Վճռաբեկ դատարանից: «Ինձ պատճառը չեն ասել, թե ինչու են բողոքը վերադարձրել: Ես դեռ մի քանի շաբաթ առաջ դիմում էի գրել, որ գործի նյութերին ծանոթացնեն, մինչեւ օրս որեւէ պատասխան չեմ ստացել»,-ասաց փաստաբանը:

Փաստաբանը նշեց, որ Վճռաբեկ դատարանը դեռ որոշում չի կայացրել բողոքը վարույթ ընդունել, չընդունելու հարցով, բողոքն էլ հավանաբար վերադարձրել են շտկումներ անելու համար: «Ինձ հասած տեղեկություններով՝ 5 օրյա ժամկետ են տրամադրվել շտկումները անելու համար, եթե այս անգամ էլ թերի լինի բողոքը, դատարանը ստիպված է լինելու այդպես քննել գործը ու լուծել, կարծում եմ՝ հակառակ կողմը դիտմամբ է նման թերի բողոք ներկայացնել, որպեսզի Վարդանը ավելի երկար մնա կալանքի տակ, այլապես Վճռաբեկի որոշումից եւ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրա կարգավիճակը կփոխվեր, կդառնար դատապարտյալ եւ կընտրվեր բաց տիպի կալանք»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նշենք, որ այս առթիվ Ռուբեն Բալոյանը մեզ հետ զրույցում ասել է հետեւյալը.«Ես այս լուրերը միայն լրատվամիջոցներից եմ իմանում եւ Նիկոլայ Բաղդասարյանի մեկնաբանություններից: Ինձ համար անհասկանալի իրադարձություններ են տեղի ունենում, որոնցից ես անտեղյակ եմ: Ես ուղղակի ուզում եմ հասկանալ` այս ամենը ինչի համար է արվում. հերթական  անգամ ինչ-որ գծագիր, պատկեր ստեղծելու համա՞ր, թե՞ մարդիկ ցանկանում են լրատվամիջոցներով շուտ-շուտ ելույթ ունենալ»:

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել էին առաջին ատյանի որոշումը, սակայն Վերաքննիչը անփոփոխ էր թողել վճիռը: