Եվրամիությունը պաշտոնապես ստեղծել է Ռազմավարական ներդրումների եվրոպական հիմնադրամը, որն ունի 315 մլրդ եվրո բյուջե: Այդ հիմնադրամի հիմնման եւ ղեկավարման վերաբերյալ համաձայնագիրը Բրյուսելում ստորագրել է  Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, նրա տեղակալ Յուրկի Կատայնենը եւ Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերը: 

Համաձայնագիրը բաղկացած է երեք փաստաթղթերից՝ հիմնադրամի կառավարման կանոններ, ֆինանսավորման կարգ եւ միջոցների օգտագործում:

«Հիմնադրամի ստեղծման համաձայնագիրը ռեկորդային կարճ ժամանակ է պահանջել՝ ընդամենը 6 ամիս: 25 տարվա ընթացքում մենք չենք տեսել այսքան արագ եւ կենտրոնացած օրինաստեղծ գործընթաց», -փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարել է Հոյերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Հիմնադրամն ի սկզբանե ունի 21 մլրդ եվրո, որից 16 մլրդ-ը ԵՄ-ի բյուջեից է, իսկ 5 մլրդ-ը տրամադրում է Եվրոպական ներդրումային բանկը: Մնացած միջոցները հիմնադրամը ներգրավելու է անդամ պետություններից ՝ որպես հեռանկարային նախագծերի ներդրում հենց այդ պետությունների տարածքում: Հիմնադրամը կարող է օգտագործել նաեւ սեփական միջոցները:  .

Այսօրվա դրությամբ ԵՄ 28 երկրներից 8-ը՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Իսպանիան, Լեհաստանը, Սլովակիան, Բուլղարիան, արդեն պատրաստակամություն են հայտնել այդ հիմնադրամ իրենց ներդրումն անելու վերաբերյալ: Լոնդոնը խոստացել է ամենամեծ ներդրումն անել 6 մլրդ ֆունտ ստերլինգի չափով: