Իսպանիայի թագուհի Սոֆիան Մայորկայում հանգստանալու ընթացքում փորձարկել է Peugeot iOn էլեկտրական մեքենան: Այն վաճառքի կհանվի Եվրոպայում 2010 թվականի դեկտեմբերին: Թագուհին նշված մեքենայով ուղեւորությունն անվանել է «ֆենոմենալ», հայտնում է The Telegraph պարբերականը: Peugeot ընկերությունը iOn-ի առաջին նմուշն առաջարկել է Իսպանիայի թագավորական ընտանիքին, քանի որ այդ ընտանիքն աչքի է ընկնում շրջակա միջավայրի նկատմամբ ուշադիր վերաբերմունքով եւ էկոլոգիապես մաքուր մեքենաների նկատմամբ ունեցած համակրանքով: Իր հերթին Սոֆիան համաձայնել է փորձարկել Peugeot iOn-ը, քանի որ հույս ունի, որ այդ մեքենայով հանրության առաջ դուրս գալով, կմեծացնի էլեկտրական մեքենաների հանրաճանաչությունը ավտոշուկայում:
Իսպանիան տարեսկզբից էլեկտրական մեքենաների գնման ուղղությամբ ակտիվ քարոզչություն է իրականացնում: Ապրիլին այդ երկիրը հայտարարեց, որ պատրաստ է 590 միլիոն եվրո ներդնել այլընտրանքային վառելիքով աշխատող մեքենաների արտադրության մեջ: Բացի այդ, ներկայումս Իսպանիայում գործում է մի ծրագիր, որի շնորհիվ հնարավոր է էլեկտրական մեքենա ձեռք բերել 20 տոկոս զեղչ գնով (մնացած մասը կհատուցի պետությունը): Այդուհանդերձ, տարեսկզբից արդեն իսկ վաճառվել է 16 էլեկտրական մեքենա՝ պլանավորված 2 հազարի փոխարեն: Peugeot iOn մեքենան, որը ստեղծվել է ճապոնական Mitsubishi iMiEV-ի բազայի հիման վրա, առաջին անգամ ցուցադրվել է 2009 թվականին Ֆրանկֆուրտի ավտոսրահում: Մեքենան հագեցած է 64 ուժեղ էլեկտրական շարժիչներով եւ մեկ աստիճան ունեցող փոխանցման տուփով: Մեքենան զրոյից մինչեւ 100 կմ/ժ արագություն հավաքում է 15 վայրկյանում:




























