Սահմանադրական բարեփոխումներով իշխանությունները ցանկանում են վերարտադրվել եւ երկարաձգել իրենց պաշտոնավարության ժամկետը: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանը:
«Սա բարեփոխում չէ, չարեփոխում է, հետընթաց: Ամեն ինչ արվում է, որպեսզի իրենց անձնական իշխանությունը երկարաձգեն, վերարտադրվելու նպատակ են հետապնդում: Իշխանությունները բարեփոխումներով հաստատում են, որ իրենք խոցելի են, հոտն առնում են, որ վաղ թե ուշ ժողովուրդը միաբանվելով ոտքի են կանգնելու»,-ասաց նա:
Գագիկ Սարուխանյանի խոսքով` սահմանադրական բարեփոխումների նախագծի դրույթները բոլորն էլ վիճարկելի են, սակայն ամենավիճահարույցն այն է, որ նոր նախագծով սահմանափակվում է քաղաքացիների մասնակցությունը երկրի կառավարման գործընթացին:
«Ես կողջունեի, որ Սահմանադրության համապատասխան դրույթի համաձայն պատգամավորներն ընտրվեին ոչ թե 5, այլ 3 տարով` այդ կերպ ավելի հաճախականացնելով քաղաքացու մասնակցությունը իր երկրի կառավարմանը: Իսկ բարեփոխումներով նախագահին եւ վարչապետին ընտրելու են մի խումբ մարդիկ: Այսինքն բեզարել են արդեն հատիկ-հատիկ մարդկանց փող բաժանել ընտրություններին»,- ասաց Սարուխանյանը: «Հիմնադիր Խորհրդարանի» պատգամավորը ողջունելի համարեց այն փաստը, որ սահմանադրական բարեփոխումների դեմ միավորվել են քաղաքական եւ քաղաքացիական որոշ ուժեր:
«Քաղաքական տարբեր շարժումների մոտ հարգանք է ձեւավորվել միմյանց նկատմամբ եւ պատրաստ են միաբանվել: Դրա վառ ապացույցը երեկ էր` Հայրիկյանի հրավիրած Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական ուժերի հանրային քննարկումը: Մենք տեսանք մի պրոցես, որտեղ ամեն մեկը իր տեսակետն արտահայտեց, բայց նույն բանն ասացին, որ բարեփոխումներն ընդունելի չեն: Միավորման շատ լավ ծիլեր եմ նկատում»,-ասաց Սարուխանյանը:
Գագիկ Սարուխանյանը նշեց, որ հուլիսի 30-ին կմասնակցի Պարույր Հայրիկյանի նախաձեռնած դեպի Սահմանադրական դատարան բողոքի երթին:





























