«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2-ամյա Լիա Միսակյանի մահվան գործով  ամբաստանյալ, մանկաբույժ Լիլիթ Վարդանյանի պաշտպանը հուլիսի 27-ին կդիմի ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան`բողոքարկելով առաջին ատյանի դատավճիռը, որով իր պաշտպանյալը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման եւ համաներմամբ ազատ արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց մանկաբույժի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:

Փաստաբանի խոսքով`իրենք ի սկզբանե գիտեին, որ Լիլիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրական եւ անհիմն դատավճիռ է լինելու, սակայն դատավճռին ծանոթանալուց հետո համոզվել են, որ առաջին ատյանի վճիռն ավելի քան անհիմն է:

«Վճռում հիմնավոր բան լինել չէր կարող, մենք դա ի սկզբանե գիտեինք: Վճիռը կարդալուց հետո տեսանք, որ այնտեղ ընդամենը սղագրված էր դատաքննությունը ու վերջ: Մեկ էլ, որ Լիլիթը մեղավոր է, որովհետեւ այսինչ արարքն է արել, բայց գրած չէր` կոնկրետ ինչ ապացույցների հիման վրա»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ դատավարության ամբողջ ընթացքում 2-ամյա Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող մանկաբույժ Լիլիթ Վարդանյանն իրեն մեղավոր չէր ճանաչում եւ պնդում էր, որ ինքը փոքրիկի մոտ առկա հիվանդությունը ճիշտ է ախտորոշել եւ համապատասխան բուժօգնություն է ցուցաբերել:

Լիա Միսակյանի գործով մյուս ամբաստանյալ, մանկաբույժ Զարինե Այվազյանը դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման եւ համաներմամբ ազատվել է պատժի կրումից:

NEWS.am-ի հետը զրույցում ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ իրենք նույնպես համաձայն չեն դատավճռի հետ:

Պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանի համաձայնության դեպքում միայն կդիմի Վերաքննիչ քրեական դատարան: 

Հիշեցնենք, որ 2 տարեկան Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է, եւ աղջնակը մահացել է: «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ՝ 28-ամյա Լիլիթ Վարդանյանին եւ Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Հունիսի 15-ին գործով ամբաստանյալ բժշկուհի Լիլիթ Վարդանյանին դատարանը դատապարտեց 2, իսկ բուժքույր Զարինե Այվազյանին՝ 2,5 տարվա ազատարկման: Նշանակված պատիժը համաներմամբ չկիրառվեց, իսկ ամբաստանյալների խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին որոշումը, կհանվի դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո: