Արագածոտնի մարզում՝ Աշտարակ քաղաքի մոտ, հուլիսի 22-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառը, ըստ նախնական վարկածի, վթարի հետեւանքով մահացած վարորդի «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայի անսարքինությունն է եղել: Այս մասին NEWS.am-ին ասաց Արուճ գյուղի գյուղապետ Բագրատ Մարտիրոսյանը, որի համագյուղացին է մահացած վարորդը` 27-ամյա Գալուստ Վերդոյանը։
«Գալուստը կորցրել է մեքենայի կառավարումը եւ մխրճվել քարով բարձված «Զիլ» մեքենայի մեջ»,– ասաց գյուղապետը։
Գյուղապետը պատմեց, որ 5 ամիս առաջ ավտովթարի հետեւանքով ծնողներին կորցրած Գալուստը միայնակ էր ապրում, նրա 2 քույրերն ամուսնացած են: Գալուստն աշխատում էր ռազմական ոստիկանությունում։
«Ամուսնանալու նպատակ ուներ, քանի որ մենակ էր մնացել։ Գիշերը մենակ չէր կարողանում քնել: Կամ հորեղբոր տղաները, կամ ընկերներն էին գալիս, որ հետը գիշերեին: Դեպքի օրն էլ աշխատանքից էր վերադառնում, որ գյուղի գործերին հասցնի»,- ասաց գյուղապետը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 22-ին ժամը 08:00-ի սահմանում Աշտարակ քաղաքից Գյումրի տանող ճանապարհին բախվել են Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, 27-ամյա Գալուստ Վերդոյանի վարած «Վազ 2107» մակնիշի և Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 26-ամյա Էդգար Միրզոյանի վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Վազ 2107»-ի վարորդ Գալուստ Վերդոյանը տեղում մահացել է, հարվածի հետեւանքով նրա ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, իսկ «ԶԻԼ-130»–ը` կողաշրջվել:





























