Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում պահպանվող հյուրանոցի մոտ ռումբի պայթյունի հետեւանքով 15 մարդ է զոհվել: Հյուրանոցում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ էին իջեւանել:

«Ներկայում զոհերի թիվը հասել է 15-ի՝ ներառյալ հյուրանոցի անվտանգության պահպանության աշխատակիցները: Սակայն զոհերի մեծ մասը քաղաքացիական անձիք են»,- տեղեկացրել է ոստիկանության ներկայացուցիչ Աբդուլ Մոհամեդը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Մոհամեդն ասել է, որ մահապարտ-ահաբեկիչն իր ավտոմեքենան պայթեցրել է Jazera հյուրանոցի դարպասների մոտ:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Աշ Շաբաբ» խմբավորումը: