Հայաստանի իշխանությունները իրենց բնորոշ մեթոդներով` հիմնվելով իրավապահ մարմինների եւ դատական իշխանության վրա, որոնք աներկբա կատարելով վերեւից եկող յուրաքանչյուր հրաման, շարունակում են վախեցնելու եւ հաշվեհարդար տեսնելու քաղաքականությունը իրենց համար ոչ ձեռնտու քաղաքացիների նկատմամբ: Այս մասին ասված է հայաստանյան Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցի Հայաստանի անդամ հասարակական կազմակերպությունների՝ այսօր տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակներն իրենց աջակցությունն են հայտնել հետապնդման ենթարկվող երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին եւ նշել. «Լրագրողների եւ իրավապաշտպանների ձերբակալություններ, ծեծ եւ դատական հաշվեհարդար, 2008թ. մարտի 1-ի դեպքերով ընդդիմադիր գործիչների խայտառակ դատաստանը, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդական շարժման մասնակիցների ձերբակալությունները եւ ծեծի ենթարկվելը. այս ամենը թելադրվում է Հայաստանում հաստատված ռազմաոստիկանական ռեժիմի կողմից: Բնապահպանական շարժման ակտիվիստներից մեկի` Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդման հանգամանքը անհանդուրժողականության քաղաքականության եւս մեկ վառ դրսեւորում է այլակարծության նկատմամբ»:

Հ/կ-ների ներկայացուցիչները Հայաստանի իշխանություններից պահանջում են. «անհապաղ դադարեցնել քրեական գործը Մարիամ Սուխուդյանի նկատմամբ, կոչ ենք անում իրավասու մարմիններին անհապաղ պատժել Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական գործ հարուցած մեղավորներին, դիմում ենք միջազգային կազմակերպություններին խնդրանքով աջակցություն ցուցաբերել մեր պահանջներին եւ ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ»:

Հայտարարությունը ստորագրել են Հելսինկյան Ասոցիացիա, Սոցիոսկոպ, «Ասպարեզ» լրագրողական ակումբ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա, Կանանց Ռեսուրսային Կենտրոն, Վերնատուն-քաղբանտարկյալների կանայք, Հանրային իրազեկման եւ գիտելիք կենտրոն, Ժողովրդավարությունն Այսօր եւ Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա կազմակերպությունները:

Հիշեցնենք, որ «S.O.S Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին օգոստոսի 15-ին հրավիրել էին ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության վարչության Էրեբունու քննչական բաժին` ցուցմունք տալու զրպարտության մեղադրանքով` ՀՀ Քր.օր. 135 հոդված, մաս 1-ին: Հասարակական հնչեղություն ստացած այս պատմությունը սկսել է 2008թ-ի նոյեմբերի 13-ին «Հայլուրի» պատրաստած ռեպորտաժից հետո։ Ռեպորտաժում Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին: Հեռուստահաղորդման մեջ օգտագործվել էին տեսանյութեր, որոնք տրամադրել էին «S.O.S. Թեղուտի» ակտիվիստները։ Հեռուստահաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը քրեական գործ էր հարուցել զրպարտության մեղադրանքով, իսկ դպրոցում տիրող անառողջ բարքերը բարձրաձայնած Մարիամ Սուխուդյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ: