Եվրո 2016-ը երազանք էր բոլորիս համար: Առաջին անգամ ընտրական փուլում խմբից դուրս կարող էին գալ միանգամից երեք թիմ: Հայաստանի ազգային հավաքականին բաժին հասավ ոչ այդքան հեշտ, բայց անցանելի խումբ, սակայն դեպքերն այնպես դասավորվեցին, որ առաջին խաղերում ունեցանք կադրային մեծ կորուստներ, ինչպես նաեւ մի քանի անհեթեթ պարտություն, ոչ-ոքին սերբերի հետ եւ goodbye France 2016:
Մեղքի մեծ բաժինը դրվեց հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բերնար Շալանդի վրա, սակայն տվյալ հարցում շատ ու շատ խնդիրներ կան, որոնք չլուծելու դեպքում կարող է մոտ ապագայում կրկին հաջողություն չունենանք:
2018-ի Աշխարհի առաջնության վիճակահանության արդյունքը, երեւի թե պատմության մեջ առաջին անգամ էր, երբ կարելի է ասել՝ գոհացնում է: Նման հաջող վիճակահանություն եղել էր նաեւ Եվրո 2012-ի խմբային փուլում, սակայն այն ժամանակ խմբում կար Ռուսաստանի հավաքականը: Փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է, երբ մեզ հետ նույն խմբում չեն Ռուսաստանն ու Թուրքիան: Այդ ժամանակ ֆուտբոլը հեռու է մնում քաղաքականությունից եւ ֆուտբոլիստները զբաղվում են միայն խաղով:
Հայաստանի հավաքականը ԱԱ-2018-ի ընտրական փուլում ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի եւ Ղազախստանի հավաքականները: Ուժեղ անուններ այստեղ չկան:
Դանիան՝ մեր վերջին տարիների արդեն մշտական մրցակիցը, այսօր համարվում է միջին կարգի թիմ: Իհարկե, ամեն տարի 4:0 հաղթել նրանց չի հաջողվի, բայց անգամ 2014-ի սեպտեմբերին կայացած խաղը, ապացուցեց, որ այսօր մենք Դանիայի հետ հավասարազոր թիմեր ենք: Եթե չլինեն անփութություններ, մարզչական սխալներ, ապա Դանիայից վախենալ չարժե:
Քիչ ավելի դժվար կլինի Լեհաստանի հետ, որն այսօր խմբի ուժեղագույն թիմն է իր առաջատար Լեւանդովսկիով: Լեհաստանը Եվրո 2016-ի խմբային փուլում այսօր առաջին տեղում է՝ առաջ անցնելով աշխարհի չեմպիոն Գերմանիայից: Սակայն այս տարի անակնկալները շատ են, օրինակ A խմբում Իսլանդիայի հաղթարշավը: Ավելի քան վստահ եմ, որ խմբից առաջին տեղով դուրս կգա Գերմանիան, իսկ լեհերի խաղում շատ բան կախված է նրանց առաջատար Ռոբերտ Լեւանդովսկու խաղից: Ռումինիան նույնպես Եվրո 2016-ի ընտրական փուլում դեռ առաջատարն է եւ վստահաբար խմբից դուրս կգա, սակայն այս խումբը ուժեղագույներից չէ: Մոնտեներգրոն եւ Ղազախստանը, առանց կեղծ համեստության այն թիմերը չեն, որոնք անանցանելի են: Ստացվում է, որ խմբից դուրս գալ իսկապես հնարավոր է՝ չկան գերհզոր թիմեր, անհաջող մրցակիցներ, քաղաքական թեմաներ: Բայց կան ավելի մեծ եւ վտանգավոր խնդիր՝ ներքին խնդիրները:
Մինչ մտածելը, թե ինչպես պետք է խաղանք յուրաքանչյուր մրցակցի դեմ, արժե մտածել թե ինչպես պետք է լուծենք մեր ներքին խնդիրները:
Առաջին հարցը, որ պետք է լուծել, դա հավաքականի գլխավոր մարզչի հարցն է: Սարգիս Հովսեփյանը անկասկած հայկական ֆուտբոլի լեգենդն է, սակայն գլխավորել ազգային հավաքական նրա համար դեռ շուտ է: Դա ցույց տվեց «Փյունիկի» վերջին խաղերը: Այսօրվա «Փյունիկը» համալրված է բազմաթիվ լավ ֆուտբոլիստներով: Նման լավ կազմ, երեւի 2009-ից այս կողմ չի եղել եւ թիմը հենց առաջին փուլում դժվարությամբ անցավ «Ֆոլգորեին» , իսկ հետո ջախջախվեց նորվեգական «Մոլդեից»: Մեկ բան է գլխավորել թիմ Հայաստանի ոչ ուժեղ առաջնությունում, այլ բան է գլխավորել Ազգային հավաքականը:
Իսկ ո՞վ կարող է այս պահին գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: Իդեալական տարբերակ է թվում «Նանտի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը, որն արդեն մեկ անգամ հրաժարվել է գլխավորել Հայաստանի հավաքականը, քանի որ աշխատում է ֆրանսիական ակումբում, սակայն գուցե մինչ այս մրցափուլի ավարտը, ինչ-որ բան փոխվի նրա մոտ եւ նա ցանկանա գալ Հաայստան: Երկրորդ տարբերակը, ավելի շատ հնչեցնում են երկրպագուները՝ տարբեր ֆորումներում եւ խմբերում: Դա «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն է, որին գրեթե բոլոր թիմերի հետ հաջողվում է հաջողության հասնել, սակայն երբեք չեն վստահում հավաքականի ղեկը: Անգամ այս պարագայում անփորձ Հովսեփյանը ավելի նախընտրելի էր, քան Խաշմանյանը: Այլ հայ մարզիչների այս պահին դժվար է պատկերացնել: Կարծես, հավերժ փակված է Սերխիո Մարկարյանի թեման, իսկ այլ ուժեղ մարզիչ ասպարեզում չկա: Իսկ քանի որ ՀՖՖ-ի նախագահն ասել է, որ մարզիչը պետք է լինի ազգությամբ հայ, օտար մարզիչների մեջ չենք փորձի փնտրել: Բացի այդ, այլազգի որակյալ մարզիչը պահանջում է մեծ գումար, իսկ Հայաստանի հավաքականի մարզիչները երբեք մեծ գումարներ չեն աշխատել: Բացի այդ մարզիչին պետք է թույլ տալ ինքնուրույն աշխատել եւ կայացնել որոշումներ, ինչ մեզ մոտ հազվադեպ է լինում:
Երկրորդը կադրային խնդիրներն են: Ռոման Բերեզովսկուն փոխարինող դեռ չկա: Դավիդ Յուրչենկոյի հարցը դեռ օդում է: Եվ անգամ պարզ չէ, արդյոք նա գալով կկարողանա լիովին փոխարինել Բերեզովսկուն, կլինի նույնքան անփոխարինելի եւ ուժեղ, ինչպիսին միշտ եղել է Բերեզովսկին: Պաշտպանության խնդիրը միշտ բաց է մնում: Չնայած այսօր մեծ հույսեր են կապում Գաել Անդոնյանի հետ, բայց Պորտուգալիայի հետ վերջին խաղն ապացուցեց, որ պաշտպանությունը դեռեւս մեր թիմի թույլ օղակն է: Կադրային խնդիրներ ունենալուց բացի, ունենք սկզբունքների խնդիր: Մի ֆուտբոլիստը հայ չէ, մյուսը դավաճան է, մյուսն այս պահին իր խաղով չի համապատասխանում թիմի մակարդակին, չնայած հիանալի մարզավիճակում է, մյուսը քմահաճ է եւ այն: Այ երբ հանուն ազգային հավաքականի այս բոլոր սկզբունքները մի կողմ դրվեն, գուցե այդ ժամանակ կունենանք օպտիմալ կազմ: Եվ չենք կարչի մի քանի ֆուտբոլիստներից, որոնք անգամ վատ մարզավիճակում խաղում են:
Հավաքականի բոլոր տղաները գրեթե բոլոր խաղերում ողջ պատասխանատվությունը դնում են Մխիթարյանի ուսերին: Դա երեւի նորմալ է. գրեթե ամեն թիմ ունի իր առաջատարը: Սակայն, երբ Մխիթարյանը չկա, կամ լավ մարզավիճակում չէ, թիմը կորած է երեւում: Դա ավելի շատ մարզչի գործն է՝ տրամադրել տղաներին այնպես, որպեսզի իրենք հավատան սեփական ուժերին: Բերնար Շալանդին դա հաջողվեց սերբերի հետ խաղում:
Չորրորդը հավերժ քննարկվող հարց է, որը կարծես լուծում չունի: Մարզական լրագրողները բազմիցս անդրադարձել են, թե որքան արժեն ֆուտբոլային խաղերի տոմսերն այլ երկրներում: Հայաստանը հավասար կանգնած է Եվրոպայի ամենաթանկ երկրների հետ միասին: 12-րդ խաղացողը միշտ օգնել է մեր հավաքականին: Պորտուգալիայի հետ վերջին խաղը օրինակ բերել պետք չէ, երբ մարզադաշտ լեփ լեցուն էր: Ամեն երրորդ եկածը խոստովանում էր, որ եկել է Ռոնալդուի համար: Իսկ ահա Սերբիայի հետ տնային կարեւոր խաղին մարզադաշտը լեցուն չէր:
Այս ամենն ունենալուց հետո գուցե արժե երազել 2018-ին Ռուսաստանում հայտնվելու մասին: Իսկ այնտեղ մենք պարտավոր ենք լինել: Դա պետք է լինի մեր առաջնությունը: Մի ամբողջ ազգի 24 տարվա երազանքը: Վաղուց պարզ է, որ ֆուտբոլի պես միավորող ուժ աշխարհում քիչ կա: Հայաստանի այս հավաքականը մեզ արդեն հասցրել է նվիրել հույս, երբ Եվրո-2012-ը գրեթե իրականություն էր: Հավաքականի այս սերնդի ժամանակն էլ հավերժ չէ: Գուցե երկար տարիներ դեռ չունենանք Բունդեսլիգայում հանդես եկող հայ ֆուտբոլիստ, կամ ռուսական առաջատար թիմերի ռմբարկուներ: Այսքան մոտ ֆուտբոլը մեզ երբեք դեռ չի եղել: Ռուսաստան մեկնելը ոչ մի խնդիր չի առաջացանի հազարավոր հայ երկրպագուների համար, էլ չասած, որ հենց Ռուսաստանում է աշխարհի մեծագույն հայկական համայնքը: Եվ քանի դեռ երազանքն այսքան մոտ է ու իրական թվում, պետք է ամեն բան անել որպեսզի մեր թիմը խաղա եզրափակչում: Դրա համար պետք է լինել թիմի կողքին, օգնել ու հավատալ: Իսկ երազանքները, ինչպես ասում են ունեն լավ հատկություն՝ նրանք իրականանում են:
Վերա Մարտիրոսյան/ Vera&Football
Հարգելի ֆուբոլասերներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայացնում է MasterCard UEFA Champions League քարտը, որը ֆուտբոլային թեմայով միակ քարտն է Հայաստանում:MasterCard UEFA Champions League քարտը հնարավորություն է տալիս ոչ միայն տնօրինել Ձեր ֆինանսական միջոցները,այլ նաև ստանալ պարգևատրումներ UEFA Championes League լոգոտիպը կրող տարատեսակ հուշանվերներ UEFA-իպաշտոնական կայք էջից: Մանրամասներն http://www.acba.am կայքում:






























