Հնդկաստանում բռնաբարությանը զոհ դարձած 14-ամյա աղջնակին հղիության ընդհատման վիրահատության կենթարկեն: Այն նշանակված է այսօր՝ հուլիսի 31-ին, հաղորդում է BBC-ն:

Ավելի վաղ Գուջարաթ նահանգի դատարանը հրաժարվել էր աղջկան աբորտի հնարավորություն տալ՝ ղեկավարվելով Հնդկաստանի օրենսդրությամբ: Այդ երկրում հղիության ընդհատում հնարավոր է իրականացնել միայն մինչեւ 20 շաբաթական ժամկետը, իսկ աղջիկը գտնվում է հղիության 25-րդ շաբաթում:

Աղջկա ընտանիքը բողոք է ներկայացրել Գերագույն դատարան. Վերջինս որոշել է, որ աղջիկը կարող է աբորտ անել, սակայն միայն այն դեպքում՝, եթե բժիշկները որոշեն, որ հղիությունը «լուրջ սպառնալիք է նրա առողջության համար»: Դրանից հետո ձեւավորվել է բժիշկների խումբ, որոնք եզրակացրել են, որ աղջկա օրգանիզմը բավարար չափով զարգացած չէ երեխա ծննդաբերելու համար: Արդյունքում որոշվել է աբորտի վիրահատություն իրականացնել, հաղորդում է Newsru-ն:

Աղջիկը դպրոցական է: Նրան այս տարվա փետրվարին բռնաբարել է բժիշկը, որի մտ նա ընդունելության է գնացել: Մինչ այդ հանցագործը դեղ է ներարկել աղջկան, որպեսզի նա չկարողանա դիմադրել:

Ներկայումս հանցագործը կալանավորված է: Աղջկա ընտանիքը պնդում է, որ երկար ժամանակ նա իրենց չի հայտնել տեղի ունեցածի մասին, քանի որ հանցագործը նրան սպառնացել է: Ամեն ինչ հայտնի է դարձել այն ժամանակ, երբ պարզվել է, որ աղջիկը հղի է: