«Նաիրիտ» գործարանի  աշխատակիցներից 1800-ը արդեն ստացել են իրենց աշխատավարձերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ 600 աշխատակից դեռեւս չեն ստացել իրենց գումարները։

«Հույս ունենք, որ երկուշաբթի օրը՝ օգոստոսի 3-ին, բոլոր աշխատակիցների աշխատավարձերը փոխանցված կլինեն: Բոլորն ստացողներին էլ նորմալ փոխանցել են գումարները»,-ասաց նա:

Նշենք, որ նաիրիտցիները հինգշաբթի բողոքի ակցիա էին անցկացրել Կառավարության մոտ` պահանջելով կատարել խոստումը և վճարել աշխատավարձերը, այլապես իրենք կտրուկ գործողությունների կդիմեն:

Նշենք, ոչ գործարանի աշխատակիցների աշխատավարձը հատկացնում է պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին:

Նաիրիտցիները բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության ու նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Ձեռնարկությունը չի աշխատում 2010 թվականի ապրիլից: