Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքում ջրի խնդիրը ոչ այնքան ջրի ֆիզիկական ծավալի անբավարարության պատճառով է, որքան համայնքի բնակիչների կողմից դրա օգտագործման արդյունավետության: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայությունից՝ անդրադառնալով մեր հրապարակմանը Նոր Խարբերդում ջրի անբավարարության խնդրին:
«Իրոք, Նոր Խարբերդի մի հատվածում առկա է նման խնդիր Ընդ որում, այն առաջանում է ու սրվում ամռան շոգերին զուգահեռ, երբ ջրի սպառումը հասնում է իր «պիկին»: Ասել է թե՝ խոսքը ոչ այնքան ջրի ֆիզիկական ծավալի անբավարարության մասին է, որքան համայնքի բնակիչների կողմից դրա օգտագործման արդյունավետության: Մասնավորապես, վերջին օրերին իրականացված ստուգումներն ու չափումները ցույց են տալիս, որ Նոր Խարբերդին տրվող ջրաքանակի մոտ կեսը կորչում է համայնքի 500-600 մետր երկարությամբ մասամբ նորակառույց թաղամասերից մեկում: Ասել է թե, ջուրը կամ վթարի հետեւանքով է արտահոսում կամ ապօրինաբար օգտագործվում ոռոգման նպատակով: Ներկայումս նշված աշխատանքները շարունակվում են, համապատասխան տեխնիկական միջոցների ներգրավմամբ, ինչին խոչընդոտում են այդ տարածքի նախկինում տարանցիկ հանդիսացող ջրագծի վրա առկա բազմաթիվ կառույցները. տներ, անասնագոմեր, խորդանոցներ, այլն: «Երեւան Ջրին» աջակցում է գյուղապետարանը, ինչը հույս է ներչնչում, որ շահագրգիռ կողմերը համատեղ ուժերով հնարավորինս արագ կհասնեն խնդրի լուծմանը: Նոր Խարբերդը նորից կունենա լիարժեք ջրամատակարարում»,-ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Նոր Խարբերդի բնակիչները հավաքվել էին գյուղապետարանում եւ ցանկանում էին ճանապարհ փակել, քանի որ մոտ 2 շաբաթ գրեթե զրկված են խմելաջրից: Գյողապետարանում նրանց խոստացել էին որքան հնարավոր է շուտ լուծել խնդիրը:





























