2015թ. Հայաստանում գրանցած գյուղատնտեսական աճը տպավորիչ է։ Այս մասին օգոստոսի 6-ին կայացած Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
Նա հիշեցրեց, որ 2015թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 4.2 տոկոսով։ Տնտեսական աճի դինամիկան կհրապարակվի սեպտեմբերին, սակայն դրան մոտ տնտեսական ակտիվության ցուցանիշը ամեն դեպքում ցույց է տալիս, որ տնտեսությունը շարժվում է աճի ուղղությամբ, հավելեց փոխվարչապետը։
Գյուղատնտեսության ոլորտում աճը 2015թ. առաջին կիսամյակում կազմել է 14.5 տոկոս, հիմնականում բուսաբուծության հաշվին (38.7 տոկոս)։ Դրական աճ է նկատվել նաեւ շինարարության սեկտորում։ 2015թ. առաջին կիսամյակում այն աճել է ընդամենը 0.6 տոկոսով, սակայն մի քանի տարվա մեջ առաջին անգամ մեծացել է բնակչության միջոցներով իրականացվող շինարարության ցուցանիշը (նույն այդ 0.6 տոկոսով), նշել է փոխվարչապետը։ Արդյունաբերության աճը 2015թ. առաջին եռամսյակում կազմել է 5.1 տոկոս։





























