Հայաստանում տնտեսական ակտիվության աճը  նկատելի է։ Այս մասին օգոստոսի 6-ին կայացած կառավարության  նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Նա հիշեցրեց, որ ըստ վիճակագրության, 2015թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.2 տոկոսով։ «Հասարակության մեջ շատերը կարող են հարցնել, թե որտեղ է այդ տնտեսական աճը, եւ ինչու այն չի երեւում սովորական մարդկանց առօրյա կյանքում։ Ուզում եմ վստահեցնել, որ այստեղ տարբերությունը արդեն նկատվում է։ Իրավիճակի վրա ուղղակի ազդել է արտասահմանից կատարվող մասնավոր տրանսֆերտների կրճատումը։ Արդյունքում նվազել է բնակչության գնողունակությունը։ Իսկ երկրում տիրող վիճակի մասին քաղաքացիները դատում են առաջին հերթին մանրածախ առեւտրով»,- նշեց Գաբրիելյանը։ Բացի այդ, 1-2 տոկոսային կետով նվազել է զբաղվածությունը, բայց դա պայմանավորված է սեզոնայնությամբ։  «Արդյունքում, անգամ տրանսֆերտների կրճատման հաշվարկով տնտեսական ակտիվությունը նկատելի է»,- եզրափակեց նա։