Հայաստանը աղբի կառավարման առումով ամենահետադիմական դիրքերում է: Այս մասին «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման հիմնախնդիրները և լուծման հնարավոր ուղիները» քննարկման ժամանակ ասաց ՏԿԱԻ փոխնախարար Արտաշես Բախշյանը:
«Այս հարցում մենք Վրաստանից էլ, Ադրբեջանից էլ հետ ենք: Սակայն այն ինչ կատարվում է Վրաստանում, չի կարելի որպես օրինակ վերցնել, քանի որ այնտեղ աղբավայրերի կառավարման խնդիր կա, աղբավայրերի շահագործման առումով բացթողումներ ունեն: Անձամբ եմ համոզվել, որ այն վերածվել է զիբիլանոցի»,- ասաց նա:
Փոխնախարարի խոսքով Հայաստանում պետք է ներդնել կրթական այնպիսի համակարգ, որը կներառի նաև աղբի տեսակավորման մշակույթի մասին գիտելիքներ:
«Աղբի տեսակավորումը մինչև աղբանոց հասնելը անհնարին կլինի, եթե առաջին հերթին հանրության մոտ աղբի առաջնային տարանջատման մշակույթի հասկացողություն չլինի: Դրա համար պետք է մշակվեն և ներդրվեն համապատասխան կրթական ծրագրեր»,- ասաց Արտաշես Բախշյանը` օրինակ բերելով Շվեդիային, որտեղ դեռևս 35 տարի առաջ էր ծրագիր ներդրվել, որ քաղաքացիներն ինքնուրույն տեսակավորեն իրենց ազբը և ազատվեն աղբահանության վճարից:
Արտաշես Բախշյանը կարծում է, որ աղբի տեսակավորման մշակույթի ձևավորմանը պետք է նպաստեն նաև համապատասխան թափոնները վերամշակող մասնավոր ընկերությունները:





























