Բանգկոկի ռազմական տրիբունալը 30 տարվա ազատազրկման է դատապարտել Թաիլանդի Քանչանաբուրի նահանգի բնակչին Facebook-ում միապետության հասցեին վիրավորական գրառումներ կատարելու համար։ Այս մասին հայտնում է Khaosod թերթը։

Տղամարդուն մեղավոր են ճանաչել միապետությանը 6 դրույթով վիրավորելու համար, ինչը Թաիլանդում քրեորեն հետապնդելի արարք է համարվում։ Մեղադրյալի յուրաքանչյուր վիրավորական գրառման համար նրան 10 տարվա պատիժ են սահմանել։ Սակայն քանի որ տղամարդը ընդունել է իր մեղքը, նրա պատիժը մեղմել են եւ 60-ի փոխարեն դատապարտել 30 տարվա ազատազրկման, գրում է ՏԱՍՍ-ը։

Թաիլանդում գործում է միապետին ցանկացած տիպի ոտնձգությունից պաշտպանող աշխարհի ամենախիստ օրենքներից մեկը։ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը նման արարքի համար մինչեւ 15 տարվա ազատազրկում է սահմանում։