Ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը իրեն անմեղ է համարում: Այս մասին այսօր` օգոստոսի 7-ին, Երևանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Անդրեասյանը:

«Ես ոչ ոքի չեմ խաբել, չեմ էլ ցանկացել խաբել: Արտակն (խմբ. գործով տուժող Արտակ Գալստյան) է վստահություն չարաշահելով խաբել եւ խլել իմ հանքը, ես տուժող եմ: Խնդրում եմ ինձ անմեղ ճանաչել»,- իր վերջին խոսքում ասաց Անդրեասյանը:

Անդրեասյանը կասկած հայտնեց, որ գործով դատախազ Արթուր Երիցյանը կողմնակալ է եւ որ օրենքի շահերը պաշտպանելու փոխարեն պաշտպանում է տուժող Արտալ Գալստյանի շահերը.«Մենք նույնիսկ դիմել ենք գլխավոր դատախազին եւ հայտնել Երիցյանի անգործության մասին: Դատախազը դատաքննության ժամանակ ասաց, որ հանդիպել է Արտակին: Նա կապի մեջ է Արտակի հետ»:

Դատախազը հայտարարեց, որ ամբաստանյալը խեղաթյուրում է իր խոսքերը:

«Նման կերպ խեղաթյուրված ներկայացնելն արդեն իսկ խոսում է մարդու մասին: Ես ասել եմ, որ Վերաքննիչ դատարանում եմ տեսել Արտակ Գալստյանին եւ հնարավոր չէ, որ նա Հայաստանում չլինի»,- պարզաբանեց դատախազը:

Պաշտպանական ճառով այսօր հանդես եկավ ամբաստանյալի պաշտպան Մնացական Սարգսյանը: Նա նշեց, որ դատախազի պահանջած 14 տարի ազատազրկումը անհիմն է եւ որ իր պաշտպանյալն անմեղ է:

Դատարանը հեռացավ  որոշում կայացնելու, այն կհրապարակվի օգոստոսի 10-ին:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ եւ արտարժույթի առուվաճառքով զբաղվելիս հայտնվելով անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երեւան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձեւավորված վստահության շահարկմամբ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու եւ դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները եւ ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ:

Նշենք, որ մեղադրող Արթուր Երիցյանը պահանջել է 14 տարվա ազատազրկման ենթարկել Արթուր Անդրեսյանին՝անձնական գույքի բռնագրավմամբ` բայց ոչ ավելի, քան յոթ տուժողներին պատճառված վնասը՝ 422 միլիոն 252 հազար 210 դրամ: