Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու քաղաքականություն է վարում եւ քայլեր է իրականացնում՝ ուղղված Հայաստանի տնտեսական ոչնչացմանը։ Այդ մասին օգոստոսի 10-ին «Հայ-իրանական ռազմավարական գործընկերության հեռանկարներ» թեմայով քննարկմանը հայտարարել է Կանադայում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Նա հույս չունի, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվի բանակցությունների ճանապարհով։ «Այստեղ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն ընդամենը պատրվակ է Ադրբեջանի համար։ Նրանք լուծում են անհամեմատ ավելի խոշոր հարց, որը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի նպատակն է․ նրանք մեկուսացնում են Հայաստանը, որը սեպի նման կանգնած է նրանց ճանապարհին »,-նշել է Պապյանը։




























