Օգոստոսի 17-23ը  Ծաղկաձորում կանցկացվի «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքը, որին մասնակցելու են երիտասարդներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Այս մասին այսօր` օգոստոսի 10-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը՝ հավելելով, որ այն արդեն 13 տարի անցկացվում է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» կողմից: Նրա խոսքով՝ այս տարի առաջին անգամ «Բազեում» ձևավորվել են Հայաստանի Ամերիկյան Համլասարանի, Խանփերյանցի անվ. Ռազմական ավիացիոն ինստիտուտի և Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ջոկատները:

 «Միջոցառումը համախմբելու է շուրջ 500 երիտասարդի Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Այս տարի ջոկատների թիվը ավելացել է դառնալով 45: Մենք միշտ ուրախ ենք նորանոր հայտեր ստանալ, քանի որ բոլորին է հետաքրքիր նոր կոլորիտ, նոր ոճ, որ յուրաքանչյուր ջոկատ բերում է իր հետ:» -ասաց նա:

«Բազե» երիտասարդական հավաքի գեղարվեստական ղեկավար Արման Խաչատրյանն էլ նշեց, որ այս տարվա «Բազեն» լինելու է էլ ավելի հետաքրքրիր և անակնկալներով լի, սակայն փակագծերը չցանկացավ բացել:

«Մենք փորձելու ենք երիտասարդներին փոխանցել գաղափարական հիմք, և իհարկե նոր հմտություններ ու ձեռքբերումներ: Լինելու են ընդգծված տարբերություններ նախորդ տարիների համեմատ, բայց այդ ամենի մասին բոլորը կիմանան «Բազեում»,-ասաց նա:

Նշենք, որ «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքը առաջին անգամ անցկացվել է 2002 թ.: 13 տարիների ընթացքում հավաքին մասնակցել է շուրջ 8500 երիտասարդ: