Արարատի մարզում մարտի 14-ի երեկոյան «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետեւանքով վնասվածքներ ստացած, «Արտաշատ» ԲԿ-ի շտապօգնության վարորդը դեռ աշխատանքի չի վերադարձել: Այս մասին NEWS.am-ին ասաց հիվանդանոցի տնօրենի բուժգծով տեղակալ Աշոտ Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ վարորդն անաշխատունակության թերթիկ ունի եւ դեռեւս չի աշխատանքի չի վերադարձել, քանի որ ողնաշարի ցավեր ունի:
«Գործով նախաքննությունն էլ շարունակվում է: Ոչ մեկին դեռեւս մեղադրանք չի առաջադրվել»,- ասաց Աշոտ Գեւորգյանը:
Նշենք, որ բժշկական փորձաքննությամբ հայտնի է դարձել, որ վարորդը դեպքի պահին եղել է ոչ սթափ վիճակում: Նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. մարտի 14-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Շտապօգնության» ծառայության «Ֆորդ» եւ «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով շտապօգնության բժիշկ, 27-ամյա Կարապետ Գրիգորյանը մահացել է: Երկու մեքենաների վարորդներն ու ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:





























