Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի (մտերիմները նրան «Մխո» են ասում) «Յանուս» թատրոնն անհետացել է: Գովազդներում եւ հայտարարություններում առկա հեռախոսահամարներին պատասխանողները միաբերան նշում են, թե կարճ ժամանակ են ճանաչել, շփում չեն ունեցել, կապ չեն ունեցել վերջինիս հետ եւ չեն ցանկանում որեւէ բան ասել: 

Բայց թատերական ոլորտի ներկայացուցիչներից շատերն են ճանաչել Մուշեղ Մխիթարյանին տարբեր թատերական միջոցառումներից, մրցանակաբաշխություններից: Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնի ղեկավար, «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնի հիմնադիր-տնօրեն Էրիկ Բարսեղյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մոտ 3 տարի է՝ ճանաչում է Մուշեղ Մխիթարյանին, նա նորմալ մարդու տպավորություն է թողել: «Շատ եմ ափսոսում, որ նման տխուր պատմության մեջ է ընկել, չգիտեմ՝ ինչ ասեմ: Նորմալ տղա է, ապշած եմ այդ լուրերից, մի տեսակ հավատս չի գալիս, որովհետեւ շատ զուսպ, պարկեշտ, համեստ, հավասարակշիռ մարդու տպավորություն է թողել, միշտ դրական տպավորություն եմ ունեցել նրանից: Հույս ունեմ, որ այս ամենը կհերքվի, որովհետեւ Մուշեղը երբեք նման մարդու տպավորություն չի թողել»,-ասաց Էրիկ Բարսեղյանը:

Նա նշեց, որ Մուշեղի հետ հիմնականում շփվել է տարբեր թատերական միջոցառումների ժամանակ, անձնական կյանքի մասին տեղեկություններ չունի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Նշենք, որ Անի Մաջնունյանը մենակ էր ապրում, ամուսնացած չէր: Դեպքի առիթով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ)։ 20-ամյա Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ):