Հայ ազգային կոնգրեսը չի մեկնաբանում Տիգրան Առաքելյանի կալանավորումը եւ նրա անվան հետ կապվող պատմությունները: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Տիգրան Առաքելյանը առնվազն 2 տարի է՝ իրենց հետ որեւէ կապ չունի եւ իրենք որեւէ տեղեկություն չունեն նրանից:

ՀԱԿ անդամ է արդյոք Տիգրան Առաքելյանը եւ ինչպես է ՀԱԿ-ը մեկնաբանում նրա հետ կատարվածը հարցով դիմեցինք նաեւ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանին: Նա մեզ հետ զրույցում ընդամենը նշեց, որ Տիգրան Առաքելյանը տեւական ժամանակ է չի զբաղվել քաղաքականությամբ, զբաղվում էր անձնական գործերով եւ ահագին ժամանակ է՝ Հայաստանում չէ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրել ԱԱԾ-ն Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածը սահմանում է՝ շորթումը անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաեւ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը:

Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:

Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե նրան ձերբակալել են Հայաստանի Հանրապետական կուսակցության երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար: