Արարատի մարզի Գոռավան համայնքում արդեն մեկ ամիս է՝ բնակիչներին խմելու ջուր մատակարարվում է օրական ընդամենը 30 րոպեով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին համայնքի բնակիչները:
Նրանց խոսքով՝ դեպքեր են լինում, երբ ամբողջ օրով ջուր չեն ունենում:
«Իրանց տված ջուրն էլ հագեցած է մամուռով եւ որդերով: Իսկ մեր ջուրը մեր իսկ աչքի առաջ ցիստեռներով վաճառում են հարակից գյուղերին»,- ասացին բնակիչները՝ նշելով, որ գյուղին ջուր մատակարարում է գյուղապետ Արսեն Բազիկյանի եղբայրը:
Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեցինք Գոռավանի գյուղապետարան, որտեղ խնդրի մասին լսելուց հետո հայտնեցին, թե իրավասու անձինք տեղում չեն:
Նշենք, որ Արարատի մարզի մի շարք գյուղերում խմելու ջրի խնդիր կա: Գյուղացիներն ահազանգում են, որ կամ օրերով ջուր չեն ունենում, կամ ծորակներից կեղտոտ ջուր է հոսում:





























