2015-ի ավարտին չինական ընկերությունները Իրան-Հայաստան երկաթգծին առնչվող երկու ներդրումային ծրագիր կներկայացնեն։ Այդ մասին Կառավարության օգոստոսի 13-ի նիստին հայտնել է Հայաստանի Տրանսպորտի եւ հեռահաղորդակցության նախարար Գագիկ Բեգլարյանը։ Նախարարն այդ առաջարկին կծանոթանա չինաստանյան ուղեւորության ընթացքում։ «Իրականում ծրագրով հետաքրքրվածները քիչ չեն, բայց մենք ընտրել ենք երկու ամենահեռանկարային առաջարկը», - ավելացրել է Բեգլարյանը։
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցին իր տված հարցազրույցում Տրանսպորտի նախարարության կառուցվածքում գործող «Երկաթգծի շինարարության տնօրինություն» պետական ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ
Շահնազարյանը հայտնել էր, որ երկաթգծի կառուցումը կտեւի 6 տարի, ծախսերը կփոխհատուցվեն 28 տարում, իսկ շահագործման ժամկետը կլինի 50 տարի։ Շինարարության արժեքը կարող է կազմել 3,5 միլիարդ դոլար։
Իրան-Հայաստան երկաթգծի հայկական մասը ենթադրաբար կունենա 316 կիլոմետր երկարություն եւ կձգվի իրանական սահմանից (Մեղրի) մինչեւ Գագարին քաղաք, Սեւանա լճից ոչ հեռու, որտեղից այն կմիացնեն գործող երկաթգծին։ Ծրագրի ներդրողները դեռ որոշված չեն։





























