Ուկրաինայի օմբուդսմենը դիմել է երկրի գլխավոր դատախազին ու ՔԿՀ պետին՝ հորդորելով կրկնակի հետազոտություն իրականացնել Ուկրաինայում գործարար Շաբաբ Ալոյանի սպանության համար ցմահ ազատազրկված Մերաբ Ալոյանի առողջական վիճակը պարզելու համար: Այս մասին NEWS.am-ին ասաց օմբուդսմենի խոսնակ Շուշան Դանիելյանը:
«Ուկրաինայի օմբուդսմենը պատասխանել է մեզ՝ նշելով, որ Մերաբ Ալոյանի առողջական վիճակի վերաբերյալ ինքը հարցում է ուղարկել ՔԿՀ վարչությանը, ինչպես նաեւ հորդորել է պատկան մարմիններին կրկնակի հետազոտություն կատարել: Հակառակ դեպքում, ասել է օմբուդսմենը, դա կճանաչվի մարդու իրավունքների խախտում»,- ասաց Շուշանիկ Դանիելյանը՝ հավելելով, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մշտական ուշադրության կենտրոնում է Մերաբ Ալոյանի հարցը:
Նշենք, որ Ուկրաինայի օմբուդսմենն ամիսներ առաջ անձամբ հանդիպել էր Ալոյանին:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին Մերաբ Ալոյանը Ուկրաինայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը պլանավորելու եւ իրականացնելու համար: Փաստաբանները վճիռը բողոքարկել էին Ուկրաինայի Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ, սակայն վճիռն անփոփոխ էր մնացել: Մերաբ Ալոյանի փաստաբաններն ու պաշտպանող կազմակերպությունները պնդում են, որ Մերաբ Ալոյանի կյանքին կալանավայրում վտանգ է սպառնում:





























