Այն, ինչ ստեղծել է Կարեն Դեմիրճյանը, փորձում են ոչնչացնել, օրինակ՝ «Զվարթնոցը, Երիտասարդության պալատը, Մարզահամերգային համալիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցու ասաց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը:
Նա նշեց, որ Մարզահամերգային համալիրը չեն քանդում, բայց այդ ձեւով ոչնչացնելը ավելի վատ է: «Ցավում եմ, որ այդ շենքը այդքան ցածր է գնահատվել, խոսքը միայն գումարի մասին չէ, դա, ճարտարապետական լուրջ կառույց է, ամբողջ երկրի համար է կառուցվել, մի քանի բաշիբոզուկ էլ այս երկրին տիրացել են, ինչ ուզում, անում են, ցավալի է: Սրիկաներ են այսօրվա իշխանավորները, մենք էլ սրիկաների ձեռքն ենք ընկել»,-ասաց Գրիգոր Հարությունյանը:
Նա նշեց, որ Մարզահամերգային համալիրի վաճառքի եւ այն ժամանցի կենտրոն վերածելու մասին Հայաստան վերադառնալուց հետո իր խիստ գնահատականը կտա Կարեն Դեմիրճյանի որդին՝ ՀԺԿ ղեկավար, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: Գրիգոր Հարությունյանը շեշտեց նաեւ, որ եթե այսօր կենդանի լիներ Կարեն Դեմիճչյանը, ապա երկիրն այս վիճակում չէին լինի, մոնոպլիաներ, օլիգարխներ չէին լինի:
Ի դեպ, մարզահամերգային համալիրը գնած ընկերությունը «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն է, որը պետռեգիստրում գրանցվել է ընդամենը հուլիսի 20-ին: Ընկերության հիմնադիրը Արմեն Զավենի Գեւորգյանն է: Իսկ թե ով է նա եւ ինչով է զբաղվում, որեւէ այլ տեղեկատվություն չի հաղորդվում: Ըստ ԿԸՀ կայքի՝ Արմեն Զավենի Գեւորգյանը գրանցված է Արբակիր վարչական շրջանում, ապրում է Քոչար փողոցի վրա:
Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը, որն ավելի վաղ փոխանցվել էր Պաշտպանության նախարարությանը, մասնավոր ընկերությանն է վաճառվել 30 միլիոն դոլարով։ Այդ մասին Կառավարության օգոստոսի 13-ի նիստին հայտարարել է Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նախատեսվում է՝ ընկերությունը կվերանորոգի համալիրի շենքը, կիրականացնի կառուցապատում և կստեղծի ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:
Հիշեցնենք, որ ՄՀՀ-ն պետությանն էր փոխանցվել նախկին սեփականատիրոջ՝ «ԲԱՄՈ» ԲԲԸ-ի հարկային չվճարված պարտավորությունների հետեւանքով։ Համալիրը հինգ անգամ աճուրդի էր հանվել։ Քանի որ գնորդներ չէին հայտնվել, այն փոխանցվել էր Պաշտպանության նախարարության իրավասությանը հաշվեկշռային 10,4 միլիարդ դրամ արժեքով (25 միլիոն դոլար)։





























