Քոբուլեթում յոթնօրյա հանգիստը Հայաստան մի խումբ քաղաքացիների համար վերածվել է մղձավանջի:Նրանցից Արտակ Աբրահամյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ տուրիստական գործակալությունում իրեն խոստացել են հարմարավետ տեղափոխում և հարմարավետ սենյակ, սակայն տհաճ անակնկալներն սկսվել են դեռ ճանապարհ չընկած: Ավտոբուսը, որը պետք է նրանց տեղափոխեր, ուշացել է մոտ երկու ժամ, բացի այդ 32 ուղեւորի համար նախատեսված ավտոբուսի մեջ տեղավորել են մոտ 60 մարդու, սակայն ուղեւորների դժգոհություններից հետո կազմակերպիչները նրանց մի մասին իջեցրել են ավտոբուսից, ի վերջո ճանապարհ են ընկել 45 հոգով: Սևանի ճանապարհին ավտոբուսը փչացել է:

Արտակ Աբրահամյանը նշեց, որ երբ հասել են Վրաստանի սահման, ինքը բարկացել, կնոջ հետ նստել է այլ մեքենա և վերադարձել Երևան, երբ լսել է`ինչպես են վարորդները պլանավորել Թբիլիսիում ավտոպահեստամաս գնել, որ կարողանան Քոբուլեթ հասնել:

Երևանում Արտակը ցանկացել է փաթեթները վերադարձնել և վճարած գումարը հետ ստանալ, սակայն շրջագայությունն իրականացնող կազմակերպության տնօրենը նրան համոզել է չանել դա` խոստանալով նրան մեկ այլ ավտոբուսով ճանապարհել, ավելի ուշ, սակայն, այդ առաջարկից էլ են հրաժարվել` առաջարկելով կայարանից միկրոավտոբուս նստել` խոստանալով ճանապարհածախսի գումարը վերադարձնել:

Արտակն իր կնոջ հետ գնացել է փաթեթով նախատեսված հյուրանոցը: Նրան հատկացրել են սենյակ, որը բոլորովին չի համապատասխանել գովազդված պայմաններին։  Սենյակում չի եղել օդորակիչ: Երբ Արտակը օդորակիչով սենյակ է պահանջել, նրան ասել են. «Կարող ենք վինտիլյատոր տրամադրել»: Մեկ օր այդ սենյակում մնալուց հետո Արտակին խոստացել են տեղափոխել այլ սենյակ, սակայն պարզվել է, որ նույն սենյակը խոստացել են նույն կազմակերպության միջոցով Քոբուլեթ մեկնած մեկ այլ ընտանիքի։

«Էդ սենյակը, որ հաջորդ օրը ինձ պիտի տային, պարզվում է` այդ կնոջն էլ էին խոստացել: Այսինքն` մենք երկու ընտանիքով նույն սենյակի վրա էինք, ու եթե ես չզիջեի, այդ ընտանիքին չէին տա: Ես սուս–փուս հելա, գնացի, իմ գլխի ճարը տեսա»,– պատմեց մեր զրուցակիցը։

Հյուրատանը առաջարկվող սննդից Արտակը ինքն է հրաժարվել. «Մի անգամ եմ օգտվել նրանց տված սննդից: Էլ երկրորդ անգամ չէի ուտի, էդ պիտի խոզերին տային»:

Արտակն այնտեղ այլ հյուրանոց է գտել և Երևան վերադառնալուց հետո իր ամբողջ գումարը հետ ստացել միջնորդ կազմակերպությունից: Այժմ խնդիր է առաջացել միջնորդ և իրականացնող ընկերությունների մեջ. միջնորդ կազմակերպությունը չի կարողանում իր կորցրած գումարը իրականացնող կազմակերպությունից եւ պատրաստվում է դատի տալ նրանց։

Քաղաքացիների հանգիստն իրականացնող «Չերի թրեվըլ» կազմակերպությունը, որի հետ էլ միջնորդ կազմակերպությունը պայմանագիր էր կնքել, NEWS.am-ի հետ զրույցում հերքեց, որ ավտոբուսը փչացել է, նաեւ պնդեց, որ միջնորդ կազմակերպության հետ կնքված պայմանագիր կնքելիս իրենք «բարձրակարգ» բառը չեն օգտագործել:

«Քոբուլեթիի հետ բարձրակարգ բառը կապ չունի»,- ասաց տնօրենը։

Նշենք, սակայն, որ միջնորդ կազմակերպությունից NEWS.am-ին տրամադրած գովազդային հայտարարությունում գրված է. «7 գիշեր բարձրակարգ հյուրանոց»։