Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի գործով փաստաբանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեմ Սարգսյանը:
Նա նշեց, որ ՄԻԵԴ բողոք են ներկայացրել Դավիթ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով կայացված դատավճռի դեմ, քանի որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայով սահմանված արդար դատաքննության իրավունքը:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ Եվրոպական կոնվենցիայի մի քանի տարր է խախտվել, օրինակ՝ անմեղության կանխարկածը, որի մասին բազմիցս բարձրաձայնել են. խոսքը Պաշտպանության նախարարի եւ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտնի հայտարարությունների, տուժողների կողմից դատարանի նկատմամբ ճնշումների եւ դրա արդյունքում չպատճառաբանված դատական ակտի մասին է: «Ինչպես նաեւ, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տված խախտման մասին է, երբ թույլ չտվեցին Հրաչյա Սարգսյանին հարցաքննել դատարանում՝ դրանով խախտելով թե դատավարական կարգը, թե Եվրոպական կոնվենցիան»,-ասաց փաստաբանը:
Երեմ Սարգսյանը նշեց նաեւ, որ ՄԻԵԴ-ից պատասխան ստանալու համար որեւէ ժամկետ չկա, նախկինում դրանք շատ երկար էին՝ մոտ 3-4 տարի, այժմ մոտ 2 տարի է:
Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Դավիթ Խաչատրյանը, որը պնդում էր, որ կատակով է կրակել, զենքը ուղիղ Լյուքսի վրա չի պահել, եւ գնդակն անդրադարձով է դիպչել Լյուքսին, մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման:Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել վճիռը: Նրանք Վճռաբեկ դատարան բողոք էին ներկայացրել՝ պահանջելով վերաորակել արարքը, գործը ուղարկել նոր քննության, սակայն այն մերժվել էր:



























