Եվրամիությունը Ադրբեջանի իշխանություններին հորդորում է ազատ արձակել իրավապաշտպան Յեյլա Յունուսին եւ նրա ամուսնուն` Արիֆ Յունուսին, նաեւ նրանց գործը վերանայել «արդար դատավարական գործընթացի շրջանակում»։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում։
Բաքվի` ծանր հանցագործությունների դատարանի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին հինգշաբթի դատապարտել էր 8,5 տարվա, իսկ նրա ամուսնուն` 7 տարվա ազատազրկման։
«Մենք Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել Յեյլա եւ Արիֆ Յունուսներին, եւ նրանց գործերը պետք է վերանայվեն թափանցիկ եւ արդար դատավարության շրջանակում»,– ասվում է Մոգերինիի հայտարարությունում, հաղորդում է РИА Новости–ն։
Նրա խոսքով` միջազգային դիտորդները արձանագրել են դատական ընթացակարգերի խախտումներ. «Թվում է, որ մեղադրանքները կապված են միայն նրանց իրավապաշտպան գործունեութան հետ։ Այս դատավճիռը հաստատում է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոլորտում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման բացասական միտումը»,– ասվում է հայտարարությունում։
Հետաքննության վարկածի համաձայն, Լեյլա Յունուսը, լինելով «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» հիմնադիրը եւ տնօրենը, «հայկական կենտրոնի հետ համատեղ նախագծերի իրականացման քողի տակ միջազգային դոնորական կազմակերպություններից դրամաշնորհներ է ստացել»։ Յունուսն այդ գումարներն իր ամուսնու միջոցով իբր «օգտագործել է՝ բարելավելու այն մարդկանց նյութական վիճակը, ում կարողանում էր հավաքագրել լրտեսական գործունեության համար»։ Ինքը՝ Լեյլա Յունուսը, ամբողջությամբ հերքում է իր մեղքը։ Տնտեսական բնույթի հոդվածներից բացի, ամուսիններին մեղադրում են նաեւ պետական դավաճանության համար, բայց այդ գործն առանձին վարույթում է գտնվում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։





























