Փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել 1 ամիս հոգեբուժարանում անցկացրած կնոջ գործի քննության ընթացքում միջնորդություններ ներկայացնելու եւ նախաքննությունը խոչընդոտելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ նշելով, որ սա բացահայտ ահաբեկում է քննիչի կողմից փաստաբանի գործունեության նկատմամբ:

«Քրեական գործը հարուցվել է ՔՕ 332 հոդվածի 2-րդ մասով՝ այն է` քննիչի գործողություններին միջամտելով խոչընդոտել ենք 1 ամիս հոգեբուժարանում անցկացրած Ժուլիետա Ամարիկյանի գործի քննությանը: Նշեմ, որ Ժուլիետա Ամարիկյանին մեկ ամիս հոգեբուժարանում անմարդկային պայմաններում են պահել, նվաստացրել պատիվն ու արժանապատվությունը, եւ մեր հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել:  8 ամիս տեւած քննչական գործողությունների ընթացքում առերեսումներ եղան եւ հաստատվեցին Ժուլիետա Ամարիկյանի կողմից նշված փաստերը: Այսինքն` հասկացան, որ հասել են մի տեղ, որ  արդեն Ավանի հոգեբուժարանի աշխատակիցների նկատմամբ պետք է քրեական գործեր հարուցել, սակայն հավանաբար քննիչը չի ցանկացել այդ ուղղությամբ տանել գործը եւ փորձում էր ամեն կերպ ապացուցել, որ Ժուլիետա Ամարիկյանը հոգեկան հիվանդ է եւ չի պատկերացնում իր ասածները: Քննիչը փորձաքննություն նշանակեց, սակայն մենք միջնորդեցինք, որ այլ հանձնաժողով քննի Ժուլիետա Ամարիկյանին: Հենց այս գործողություններն հիման վրա էլ քննիչը քրեական գործ է հարուցել»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ փորձաքննությունը քննչական գործողություն չէ, հետեւաբար իր գործողությունները չի կարող միջամտություն դիտվել, այսինքն` հարուցված քրեական գործում հանցակազմ չկա:

«Փաստաբանի գլխավոր իրավունքն է միջնորդություններ ներկայացնել, գրավոր փաստարկներ եւ առտարկություններն ներկայացնելն, եւ քննիչը չկարողանալով իր նախընտրած ձեւով տանել գործի քննությունը` որոշել է վրեժ լուծել այս ճանապարհով եւ խորհրդակցելով դատախազության հետ նման քայլի է դիմել»,- նշեց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանը պնդում է, որ իր դեմ չէր կարող քրեական գործ հարուցվել նաեւ այն պատճառով, որ հաղորդում հանցագործության մասին որպես այդպիսին չի եղել:

«Քրեական գործ հարուցելու հիմքը հանցագործության մասին հաղորդումն է ինչ–որ փաստի առթիվ, եւ քննիչը կարող է հարուցել քրեական գործ, սակայն քննիչը չի հարուցել քրեական գործ, նա զեկուցագիր է ներկայացրել իր վերադասին, որն էլ այդ զեկուցագիրը տվել է ՀՔԾ քննիչին, վերջինս էլ  քրեական գործ է հարուցել, հետո ուղարկել է Կենտրոնական քննչական կոմիտեի բաժին: Այսինքն չի եղել հիմք, չի եղել հաղորդում որեւէ մեկի կողմից, եւ ստացվում է, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնատար անձի կողմից իր քմահաճույքով, ինչքան էլ բարձր լինի պաշտոնը նա  իրավունք չունի առանց հանցագործության մասին հաղորդման քրեական գործ հարուցել: Սա շատ կոպիտ խախտում է թե դատախազության, թե  քննիչի կողմից»,-ասաց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանը նշեց, որ փաստաբանների պալատն արձագանքել է արդեն այս առթիվ , եւ պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել փաստաբանին:

Նշենք, որ Ժուլետա Ամարիկյանի հարազատների զանգով 2013թ. նրան «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են Ավանի հոգեբուժարան՝ հարկադիր բուժում ստանալու: Նրա մոտ ախտորոշվել էր հոգեկան հվանդություն՝ զառանցական խանգարումներ: 28 օր անց նրան բաց են թողել հոգեբուժարանից: Ժուլետա Ամարիկյանի եւ նրա փաստաբանի կողմից տրված հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել, այժմ  ընթանում է նախաքննություն: