Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն օգոստոսի 13-16-ին այցելել Ռումինիայի հյուսիս-արեւելյան Մոլդովայի եւ Բուկովինայի շրջանների Ֆոկշան (Focsani), Յաշ (Iasi) եւ Սուչավա (Suceava) քաղաքներ, ուր հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների ղեկավարության, մտավորական շրջանակների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ Սուչավայի Սուրբ Խաչ եկեղեցում, Հաճկատար ու Զամկա վանքերում ներկա է եղել Սուրբ Աստվածածնի ննջման տոնին:
Օգոստոսի 14-ին Յաշի Շրջանային խորհրդի նախագահ Կոնստանտին Սիմիրադի (Constantin Simirad) հետ հանդիպմանը, որին մասնակցում էին նաեւ նախկին նախարար, սենատոր, Ռումանահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, մտքեր են փոխանակել Յաշ քաղաքում հայկական մշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ Հայաստանի հետ ապակենտրոնացված մակարդակով կապերի հաստատման շուրջ:
Ռումին շրջանային ղեկավարները տեղեկացրել են, որ հայկական հին շինությունները եւ հաստատությունները երկրի հարստությունն են եւ գտնվում են տեղական իշխանությունների մշտական հոգածության ներքո:
Շրջագայության ընթացքում դեսպանն այցելել է Ֆոկշանի Սուրբ Գեւորգ, Յաշի Սուրբ Մարիամ, Սուչավայի Սուրբ Խաչ եկեղեցիները եւ Հաճկատար ու Զամկա վանքերը: Յաշի Սուրբ Մարիամ եկեղեցին հիմնվել է դեռեւս 1395թ. եւ համարվում է Յաշի ամենահին եկեղեցիներից մեկը, իսկ Սուչավայի նշանավոր Զամկա վանքը (1551թ.) ժամանակին եղել է Ռումանահայոց Առաջնորդարանը (իշխան Ալեքսանդր Բարու հրովարտակով հայերին այդ արտոնությունը շնորհվել է դեռեւս 1401թ.): Հաճկատարի վանքում (1512թ.) Սուրբ Աստվածածնի ննջման ավանդական տոնակատարությունը գրավում է ոչ միայն համայն Ռումինիայի հայերին, այլեւ տեղացի հարյուրավոր ռումինացիներին եւ հյուրերին: Հաճկատարի տոնակատարության մասին հաղորդումներ են տրվում ռումինական մամուլում եւ հեռուստատեսությամբ: Այս տարի Հաճկատարում պատարագը մատուցել է Սուրբ Էջմիածնից ժամանած Նաթան Սրբազանը:



























