«Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Արթուր Հովհաննիսյանը 6 տարում Երեւանի քաղաքաօետարանի բյուջեից յուրացրել է ավելի քան 12 մլն դրամ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Հովհաննիսյանը կեղծել է ընկերության պահեստից ապրանքանյութական արժեքների դուրս գրման վերաբերյալ պաշտոնեական փաստաթղթերը, ապա Երեւանի Կենտրոն համայնքի, այնուհետ Երեւանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից խաբեությամբ հափշտակել է 12 մլն ՀՀ դրամ: Բացի դրանից՝ Հովհաննիսյանը 2009թ. հունվարին նախնական համաձայնության է եկել նույն ընկերության փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանի, աշխղեկներ Սանվել Եղոյանի եւ Գյուլիզար Շամոյանի հետ եւ միավորվել են խմբով հափշտակություն կատարելու համար: 2009-2013 թվականներին Երեւանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից հափշտակել է որպես աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ միջոցներ հաշվարկված ընդհանուրը առանձնապես խոշոր չափերի` 251 մլն ՀՀ դրամ:
գործով մեղադրյալներ են ներգրավվել նաեւ Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, ընկերության փոխտնօրենը, գլխավոր հաշվապահը, աշխղեկները, պահեստապետը, դիսպետչերը, ավտոհավաքակայանի վարիչը, գլխավոր ինժեները, կադրերի պետը:
Արթուր Հովհաննիսյանը կալանավորված է, իսկ մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:





























