Չինաստանի Տյանցզին քաղաքի դյուրավառ նյութերի պահեստում այսօր՝ օգոստոսի 17-ին, նոր պայթյուն է որոտացել:
«Տյանցզինում օգոստոսի 12-ին վտանգավոր նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի վայրում այսօր՝ օգոստոսի 17-ին ոչ մեծ պայթյուն է արձանագրվել: Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 07.00-ի սահմաններում, որից հետո կրակ եւ սպիտակ ծուխ է երեւացել»,- հաղորդել է CCTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 12-ին պայթյուն է տեղի ունեցել Չինաստանի արևելքում՝ Տյանցզին նավահանգստաարդյունաբերական քաղաքում՝ «Ժույհայ» ընկերության լոգիստիկ պահեսում, տեղական ժամանակով 23:30-ին։
Ականատեսների վկայությամբ, պայթյունի ալիքը ջարդել է բնակելի տների ապակիները երկու կիլոմետր շառավղով և վնաս է հասցրել ավելի քան հազար մեքենայի։
Պայթյունից անմիջապես հետո, որի հզորությունը գնահատվում է 3 տոննա տրոտիլային համարժեքով, դեպքի վայրում հզոր հրդեհ է բռնկվել։ Xinhua գործակալության հաղորդմամբ, հրդեհից հետո պահեստում ևս մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Դրանցից ամենահզորի ուժը հավասար է եղել 21 տոննա տրոտիլի։
Վերջին տվյալներով պայթյունի զոհերի թիվը հասել է 104-ի:





























