Երեւանում «Էյֆել» ժամացույցի խանութների ցանցի սեփականատեր Գեորգի Մկրտչյանի ինքնասպանության պատճառը ֆինանսական խնդիրներն են: NEWS.am-ի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործելու պատճառը ֆինանսական խնդիրներն են: Գեորգի Մկրտչյանը մեծ պարտքեր եւ վարկեր ուներ, այդ թվում՝ արտերկրում:
Մեզ հայտնի դարձավ, որ հայտնի գործարարը ինքնասպանություն է գործել իր օրինական զենքով իր տան այգում: Դեպքի օր նա որեւէ բան չի ասել ընտանիքի անդամներին, որեւէ կոնֆլիկտ չի եղել, իսկ ընտանիքի անդամները լսել են կրակոցի ձայնը, դուրս գալով այգի՝ հայտնաբերել են տղամարդու դին: Նրան ճանաչողները բնութագրում են որպես նորմալ, հարգված, «սուսուփուս» մարդ:
Նա ամուսնացած էր, ուներ 3 երեխա:
Իսկ Քննչական կոմիտեի NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանություն հասցնելու հատկանիշներով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում, այսօր ժամը 08:00-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցներ թիվ 282 տանը տղամարդու դի կա, հաղորդում է shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 40-ամյա Գեորգի Մկրտչյանի դին` գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներից: Դիակի մոտ հայտնաբերվել է նաեւ իտալական արտադրության որսորդական հրացան, ինչպես նաեւ հայտնաբերվել է նամակ, որում գրված է՝ «խնդրում եմ իմ այս քայլի համար ինձ չմեղադրել, ոչ ոք մեղավոր չէ»:
Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Մկրտչյանը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա եւ Երեւանում գործող ժամացույցի ճանաչված խանութի սեփականատերն էր:





























