Աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վրաստանի գյուղնախարար Օթար Դանիլայի եւ Աջարիայի Ինքնավար Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զաուր Պուտկարաձեի  ուղեկցությամբ այցելել է Աջարիայի ագրոսերվիս կենտրոն:

Նախարարները շրջել են կենտրոնում, ծանոթացել տեխնիկական հնարավորություններին, մատուցվող ծառայությունների շրջանակին:

Բաթումի քաղաքում գտնվող  այս գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը հիմնվել է ՄԱԿ-ի զարգացման գործակալության միջոցով` Եվրամիության ֆինանսավորմամբ: Կենտրոնի հիմնական առաքելությունը գյուղացիական տնտեսություններին բարձրորակ խորհրդատվական ծառայությունների մատուցումն է` նպատակ ունենալով  նպաստել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ու բարելավել աշխատանքների որակը:  Բացի այդ, կենտրոնի նպատակակետում գյուղացիական կոոպերատիվների խթանման ծրագրեր են, ինչպես նաեւ մարքետինգային ծառայությունների մատուցումը:

Նախարարին տեղեկացրել են, որը կենտրոնը զբաղվում է գիտական աշխատանքներով, այստեղ իրականացվում են տարբեր գիտափորձեր, մասնավորապես հատապտուղների նոր սորտերի փորձարկումներ:

Այնուհետեւ երկու երկրների գյուղնախարարներն այցելել են կենտրոնի հարեւանութամբ գտնվող ջերմոցային տնտեսություն, որտեղ ելակի մշակություն է իրականացվում, եւ խաղողի փորձնական այգի: 

Այցելության առաջին օրը նախարար Կարապետյանը ծանոթացել է նաեւ ձկնաբուծության ոլորտում վրացական փորձին: Նախարարը եղել է  «Իխտիոսի» ձկնաբուծարանում, որտեղ արտադրությունն իրականացվում է փակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգով:

Իսկ նախօրեին նախարարը մայրաքաղաք Թբիլիսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցել է Խաղողօրհնեքի արարողությանը: