Լոռիում 57-ամյա տղամարդու ինքնահրկիզման փորձի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: NEWS.am-ի տեղեկություններով՝ պարզվել է, որ տղամարդը 1978թ «էպիլեպտիկ անձի բնավորության փոփոխություններ» ախտորոշմամբ հաշվառված է Լոռու մարզի Հոգենյարդաբանական դիսպանսերում:

Դեպքի օրը նա բարձրացել է իրենց տան տանիքը եւ պահանջել, որ իրենց տուն գնան մարզպետարանի աշխատակիցները եւ դատարանի նախագահը, այլապես բենզին կլցնի իր վրա եւ կայրի իրեն: Տղամարդը իր մոտ ունենալով պոլիէթիլենային շշով բենզին եւ կրակայրիչ, ցանկացել է ինքնասպանություն գործել ինքնահրկիզման միջոցով, սակայն անցկացված բացատրական աշխատանքների եւ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ  տղամարդը վնասազերծվել եւ շտապ օգնության բրիգադայով տեղափոխվել է Հոգենյարդաբանական դիսպանսեր:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 17-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղում  քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ իր վրա բենզին լցնելով եւ ինքն իրեն այրելով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: