Գվատեմալայի նախկին բռնապետ Էֆրաին Ռիոս Մոնտի մոտ բժիշկները ձեռքբերովի անոթային թուլամտություն են հայտնաբերել: Ներկայումս բռնապետը որպես մեղադրյալ անցնում է 1982-1983 թվականներին հյուսիսային Կիչե դեպարտամենտում ցեղասպանության եւ 1,7 հազար հնդկացու սպանությանը մեղսակցության գործով: 

Հուլիսի սկզբին դատագիտության ազգային ինստիտուտի փորձագետները հայտարարել են, որ երկրի նախկին ղեկավարը տառապում է մտավոր գործունեության կոգնիտիվ խանգարումից, ինչը նրան հնարավորություն չի տալիս պատասխանատու լինել վերոհիշյալ հանցագործությունների համար: 

Ազգային հոգեբուժարանի տվյալների համաձայն, փորձագետները մի շաբաթ շարունակ հետեւել են Մոնտին եւ նրա մոտ արձանագրել են պայծառացման եւ թուլամտության պահեր, այդ թվում նաեւ` տեսողական խաբկանքներ: Նախկին ղեկավարը տեսողության եւ լսողության հետ կապված խնդիրներ ունի, ինչպես նաեւ տառապում է սրտի եւ թիկունքի ցավերից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով AFP-ին:

2013 թվին Մոնտին 80 տարվա ազատազրկման են դատապարտել բռնապետության տարիներին հնդկացիական բնակչության ցեղասպանության եւ պատերազմական հանցագործությունների համար, բայց հետո սահմանադրական դատարանը չեղյալ է համարել ցեղասպանության մեղադրանքները, որոնք առաջ էին քաշվել նրա դեմ: Դատավճիռ կայացնելու պահին թույլ տրված սխալների պատճառով դատարանը որոշել է նոր հետաքննություն անցկացնել: