Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը որոշել է զբաղվել բանակում կարգ ու կանոն հաստատելով:

Ինչպես հաղորդում է APA-ն` վկայակոչելով Պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը, ԱՀ Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն է արել Զինված Ուժերում իրականացվող կադրային փոփոխությունների վերաբերյալ:

«Պետք է հանգիստ ընդունել նման փոփոխությունները: 2014 թվի տվյալների ամփոփումից եւ հետագա ժամանակահատվածում Զինված ուժերի տարբեր ոլորտներում իրականացված ստուգման արդյունքները հաշվի առնելուց հետո բացթողումներ ունեցած զինծառայողներին բազմիցս զգուշացումներ են արվել: Նախկինում թույլ տրված բացթողումներից դասեր չքաղածների վերաբերյալ մերձռազմաճակատային հատվածում Պաշտպանության նախարարության անցկացրած  ստուգման արդյունքում համապատասխան որոշումներ են կայացվել: Օրինախախտումներ թույլ տվածներից ոմանց պաշտոնն իջեցվել է, մյուսներն էլ ազատվել են պաշտոնից: Իսկ հաջողություններ արձանագրածները առաջխաղացում են ունեցել: ԶՈՒ-ի կողմից նման միջոցներ անընդհատ են ձեռք առնվելու: Լրատվամիջոցներին եւս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս այս հարցում անբնական որեւէ բան չփնտրել եւ տեղեկություն չտարածել այն մասին, թե ում ինչ կոչում է տրվել, ով ինչ պաշտոնի է նշանակվել կամ հեռացվել պաշտոնից»,-ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակում կաշառակերությունն այնպիսի չափեր է ձեռք բերել, որ դրա վրա արդեն անհնար է աչք փակել, եւ աշխատակիցներից ոմանք հեռացվել են պաշտոններից: