Երեւանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան 46 շենքի բնակիչ Վազգեն Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, քանի որ նա պայքարում է այդ շենքի բակում «կանգնող» մարմնավաճառների դեմ: Այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Վազգեն Կարապետյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Նա պատմեց, որ իր պաշտպանյալն արդեն մի քանի տարի է՝ իր հարեւանների հետ պայքարում է իրենց շենքի բակում գործող «Փոքր Մայամի» հյուրանոցում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց դեմ:
«Այդ շենքի բակում գրեթե ամեն օր վիճաբանություն է, ծեծկռտուք, նույնիսկ դանակահարություն: Ոչ ոք չի հասկանում, որ այդտեղ մարդիկ են ապրում ընտանիքներով եւ ոչ մեկին էլ հաճելի չեն այդ տեսարանները: Բնակիչները բազմիցս դիմել են պատկան մարմիններին, սակայն անօգուտ»,- ասաց փաստաբանը:
Ստեփան Ոսկանյանի խոսքով՝ հենց մարմնավաճառների դեմ պայքարն էլ Վազգեն Կարապետյանի կալանքի պատճառ է եղել: Վազգեն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այս տարվա փետրվարին: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա ավազակային հարձակում է գործել «Փոքր Մայամի»-ի մարմնավաճառների հետ սերտ կապի մեջ գտնվող Իգոր Կովոլյովի վրա եւ գումար շորթել: Մինչդեռ փաստաբանը համոզված է, որ Կովոլյովը սուտ մատնություն է տվել:
«Դեպքը եղել է հետեւյալ կերպ. Կովոլյովը, որը փողային հարաբերություններ է ունեցել այդ հյուրանոցի մարմնավաճառների հետ, դիմել է Վազգեն Կարապետյանին, թե օգնիր՝ գումարս հետ ստանամ, դրա դիմաց քեզ էլ փողից բաժին կտամ: Իմ պաշտպանյալը բնականաբար մերժել է, եւ հաջորդ օրն իսկ Կովոլյովը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Նա ցուցմունք է տվել, թե իբր Վազգեն Կարապետյանը մեքենայի մեջ դանակով հարձակվել է իր վրա, գումար պահանջել: Հենց միայն այս ցուցմունքի հիման վրա Վազգեն Կարապետյանին կալանավորել են»,- նշեց Ստեփան Ոսկանյանը:
Փաստաբանի խոսքով՝ այս գործով որեւէ ապացույց ձեռք չի բերվել եւ նախաքննական մարմինը նյութերն արդեն ուղարկել է դատախազություն:




























