Քաղաքացիական ակցիաների ժամանակ ոստիկանությունն ակտիվիստներից բարձրախոսներ, համակարգիչներ, պաստառներ եւ այլ իրեր է առգրավել է, որոնք մինչեւ հիմա չեն վերադարձվել։ Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, լրագրողներին հայտարարեցին  մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ:

«Մեզնից առգրավել են 97 իր, որոնք չեն վերադարձվել։ Հավաք անցկացնելը ազատ խոսքի իրացումն է։ Ամեն ինչ սկսվել է անհիմն ձերբակալություններով եւ ակտիվիստներին տուգանելով, երկրորդ քայլը բարձրախոսներն առգրավելն էր։ Ոստիկանությունն ասում է՝ բարձրախոսը իրավախախտման գործիք է, այսինքն՝ ռեժիմի համար խոսելն արդեն իրավախախտում է։ Ես բազմաթիվ անգամ գնացել եմ ոստիկանություն, բայց ինձ անգամ թույլ չեն տվել ներս մտնել»,-ասաց «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը.

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Հարութ Աղլամազյանի խոսքով` իրենց ակցիաներից մեկ տարի է անցել, բայց չեն կարողանում իրենց տեխնիկան հետ ստանալ. «Ոստիկանությունը նույնիսկ մեր թմբուկն են առգրավել, որը քաղաքացիական ակցիաներին հնչեղություն էր տալիս, չգիտենք, թե ինչ են անում թմբուկն իրենց մոտ պահելով»։

Քաղաքացիական նախաձեռնությունների անդամները նշեցին, որ իրենք տեղեկատվություն ունեն, որ Հայաստանում արգելում են բարձրախոսներ ներմուծել եւ իրենք խանութներից այլեւս չեն կարողանում գնել բարձրախոսներ. «Ռեժիմը հրաման ունի բարձրախոսներն առգրավվելու, որպեսզի ազատ խոսքի իրավունքը սահմանափակի»: