Երևանի Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը խրախճանքի կենտրոն դարձնելուց առաջ հարկավոր է հանրային քննարկում անցկացնել, քանի որ դա հանրային նշանակության կառույց է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ճարտարապետ, Եղեռնի հուշահամալիրի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանը։

«Վերջնական որոշում կայացնելիս հուսով ենք` գոնե հանրային քննարկում կկազմակերպեն և հաշվի կառնեն հանրության և մասնագետների կարծիքը»,-ասաց ճարտարապետը հավելելով, որ մարզահամերգային համալիրի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքը համարվում են հանրային տարածք, կանաչ գոտի, հետևաբար, այնտեղ կառուցապատում իրականացնել չի կարելի:

ՄՀՀ–ի հետ սեփականաշնորհվել է նաեւ հարակից 8,5 հա հանրային սեփականություն հանդիսացող կանաչ տարածք։

ՄՀՀ համահեղինակ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանի  խոսքով՝ շատ լուրջ խնդիր է նաև այն, որ կառուցվող համալիրի մեջ պետք է լինի խաղատուն։

«Եթե այնտեղ կազինո գործի, մենք վերջնականապես կզրկվենք ՄՀՀ-ից, կզրկվենք մեծ մշակութային կենտրոնից: Դա պետք է մեր ազգին ու մեր պատմությանը: Եթե նույնիսկ այն իր աշխատանքով շահութաբեր չէ, նմանատիպ կառույցի գոյությունը անհրաժեշտ է»,-ասաց Սաշուր Քալաշյանը։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի խոսքով, իրենք շատ են բողոքել նաև ներկայումս տարածքում գործող խոշոր ռեստորանների համար։

«Մենք բազմիցս ասել ենք, բողոքել ենք, որ այնտեղ խրախճանքի կենտրոններ չպետք է լինեն, մինչդեռ այսօր այնտեղ արդեն մի քանի ապօրինի ռեստորան է գործում։ Ցեղասպանության թանգարանի աշխատակիցները նույնիսկ  բողոքում են այնտեղից հնչող բարձր երաժշտությունից»,-ասաց Սաշուր Քալաշյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՊՆ-ին պատկանող Մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով վաճառվել է «Նտաա ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին: Նախատեսվում է վերանորոգել համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում եւ ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն: Ծրագրով ընդհանուր ներդրումները գերազանցելու են 100 մլն ԱՄՆ դոլարը։