ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը պատասխանատվության չի ենթարկի Երևանի թիվ 125 ներառական կրթություն իրականացնող դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանին, որը, ըստ մանկական ուղեղային կաթված ունեցող 7-ամյա Արեգի մոր, օրերս հրաժարվել է երեխային ընդունել դպրոց: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արմեն Աշոտյանը՝ ավելացնելով, որ իրենք նման լիազորություն չունեն, քանի որ թիվ 125 դպրոցը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ:
«Մենք մեր միջոցները գործադրել ենք հարցի բովանդակության հետ կապված, սակայն վարչարարության, տույժերի հետ կապված լիազորություններ չունենք, քանի որ քաղաքապետարանի ենթակայության տակ է դպրոցը»,- ասաց Աշոտյանը:
ԿԳ նախարարը նշեց, որ ցավում է այս դեպքի համար, որը եւս մեկ առիթ պետք է լինի Հայաստանում ներառական կրթության կարեւորությունն ընդգծելու եւ հետագայում նման տհաճ միջադեպերի կրկնությունը բացառելու համար:
«Ուսուցիչները պետք է առաջին հերթին հիշեն, որ իրենք մանկավարժ են: Պետք է շատ ուշադիր եւ զգույշ լինեն նման հարցերում եւ շատ ավելի համբերատար` նման խնդիրներ ունեցող երեխաների ծնողների հետ տարվող աշխատանքներում»,-ասաց նախարարը:
Աշոտյանի խոսքով՝ սեպտեմբերի 1-ին, կհրավիրվի կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվելու են Հայաստանում ներառական կրթության հիմնախնդիրները:
NEWS.am-ի հետ զրույցում ներառական կրթության համակարգում ընդգրկված` Երեւանի 125 դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանը պնդել է, որ ինքը չի հրաժարվել մանկական ուղեղային կաթված ունեցող 7-ամյա Արեգին դպրոց ընդունել, այլ մայրն ինքն է որոշել ուրիշ դպրոց տանել երեխային՝ հերքելով երեխայի մոր պնդումները, որ տնօրենն իրեն աննրբանկատ է պահել, բարձր տոնով է խոսել, երեխայի ներկայությամբ ասել է, որ նա շատ բարդ երեխա է, եւ իրենց մոտ չի կարող սովորել` համապատասխան մասնագետների բացակայության պատճառով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիլիթ Անտոնյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի դուստրն է: Ռուզաննա Մուրադյանը Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:





























