Թբիլիսիի Մետրոմշենի բնակավայրում նոր հայ-վրացական դպրոց կհայտնվի՝ նախատեսված 1000 աշակերտի համար: Այս մասին հայտնել է Վրաստանի կրթության նախարարության մամուլի ծառայությունը։

«Թիվ 103 հանրային դպրոցն ամենախոշոր նախագծերից է, ավելին՝ վերջին 20-30 տարվա ընթացքում նման մեծության դպրոց չի կառուցվել»,- ասել է երկրի կրթության եւ գիտության նախարար Թամար Սանիկիձեն, ով տեղում ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին։

«Նախագիծը կարեւոր է նրանով, որ այն «խառը դպրոց է»: Դա վրացական դպրոց է, որտեղ կա մեծ հայկական բաժին... Մենք առավելագույնս ձգտում ենք օգնել էթնիկ փոքրամասնություններին, որպեսզի նրանք լիարժեք ինտեգրվեն ուսումնական գործընթացում»,-ասել է նախարարը, հաղորդում է sputnik-georgia.ru-ն։

Նոր դպրոցը կհամապատասխանի ժամանակակից չափանիշներին։ Ուսումնական հաստատությունում կլինի ջեռուցման համակարգ, կբացվեն մարզասրահներ, գրադարան, բնական գիտությունների կաբինետ, ճաշարան։ Դպրոցը հարմարեցված կլինի սահմանափակ կարողություններով աշակերտների համար։

Նախագծի արժեքը մոտ 5.5 մլն լարի է։ Շինաշխատանքները սկսվել են այս տարի եւ կավարտվեն հաջորդ տարի։