Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը ցանկություն է հայտնել մասնակցել իր խափանման միջոցը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու նիստին: Նրա փաստաբանը՝ Արտակ Գարոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տեսակցել է Մուշեղ Մխիթարյանին, զրուցել են տարբեր թեմաների շուրջ:
Իր պաշտպանյալը գրավոր միջնորդություն է ուղարկել, որպեսզի մասնակցի Վերաքննիչ դատարանի նիստին, դրանով իսկ, փաստաբանի կարծիքով, ամրապնդելով իր անմեղությունը եւ դեպքին որեւէ առնչություն չունենալու հանգամանքը: Իսկ Վերաքննիչ դատարանում խափանման միջոց կալանքի բողոքարկման մասով նիստի օրը հայտնի չէ:
Նա նշեց, որ Մուշեղ Մխիթարյանի վրդովված էր լրատվամիջոցների մի շարք հրապարակումներից, որտեղ մշակութային գործիչները վատ էին արտահայտվել իր մասին: «Յանուս» թատրոնի ղեկավարը փոխանցել է, որ ինքը դեռ մեղադրյալի կարգավիճակում է, կալանքն էլ խափանման միջոց է, ոչ թե պատիժ, ուստի խնդրել է սպասել մինչեւ ինքը կհայտնվի ազատության մեջ եւ կկարողանա պատասխանել բոլոր հարցերին: «Չպետք է մոռանալ, որ քանի դեռ չկա դատական ակտ, բա նույնքան անմեղ է, որքան յուրաքանչյուրս»,-ասաց փաստաբանը:
Մինչ օրս Մուշեղ Մխիթարյանը որեւէ ցուցմունք չի տվել, նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Փաստաբանն ասաց, որ մեղադրանքը հիմնված է ընդամենը մեկ վկայի ցուցմունքի վրա: Ինչ վերաբերում է Անի Մաջնունյանի եւ Մուշեղ Մխիթարանի ինտիմ կապ ունենալու մասին տեղեկություններին, Արտակ Գարոյանն ասաց, որ այդ թեմայով ճիշտ չէ մեկնաբանություն տալ, քանի որ մյուս կողմը ոչ կարող է հերքել, ոչ հաստատել:
Ամեն դեպքում, ըստ փաստաբանի, Մուշեղ Մխիթարյանը ծանոթ է եղել Անիի հետ, պարբերաբար գնացել է, ինչ-որ մարդկանց է տարել: Դեպքի օրը եւս Մուշեղ Մխիթարյանն այցելել է էքստրասենսին, սակայն փաստաբանը վստահեցրեց, որ երբ նա այցելել է, այդ կինն իրեն ճանապարհել է, դուռը փակել ներսից, իսկ Մուշեղը գնալով տուն միայն հաջորդ օրն է իմացել տեղի ունեցածի մասին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Նշենք, որ Անի Մաջնունյանը մենակ էր ապրում, ամուսնացած չէր: Դեպքի առիթով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ)։ 20-ամյա Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ):




























