Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած սարսափելի վթարի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է իրանցի վարորդը: NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ վարորդին երեկ ձերբակալել են Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշների կասկածանքով: Այս հոդվածով սահմանվում է  Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով

Նշենք, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Երեւան ավտոճանապարհի 66-րդ կմ-ի հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու վարած «Մակ» մակնիշի ավտոմեքենան բախվել է 4 տարբեր՝ «Նիսսան Տեանա», «Ֆորդ Տրանզիտ», «Դաֆ» եւ «Մերսեդես Բենց 4141» մակնիշի ավտոմեքենաներին:

«Մակ» մակնիշի ավտոմեքենայի երկաթյա ցիստեռնը պոկվել է կցորդից, եւ դրանում առկա վառելանյութը թափվել է, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել   Վահրամ Արզումանյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի, ինչպես նաեւ՝ ճանապարհի կողքին կայանված «Տոյոտա յարիս» եւ Երեւան քաղաքի բնակիչ Է.Արզումանյանի վարած «Մերսեդես Բենց 350 » մակնիշի ավտոմեքենաներում։

«Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վահրամ Արզումանյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղեւոր Վլ.Արզումանյանը, «Մակ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «Նիսսան Տեանա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 4 ուղեւորները՝ Հայրապետ Գրիգորյանը, Աննա Բադալյանը, Սուսաննա Բադալյանը, «Տոյոտա յարիս» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղեւորներն ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:

Նշենք, որ մահացածը «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում հաղթած Վլադիմիր Արզումանյանի հայրն էր: