Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովում արտահերթ նիստ չի հրավիրվելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ Սահմանադրության նոր նախագիծը քննարկվելու է սեպտեմբերի 14-ին՝ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային:

Նշենք, որ արտահերթ նիստ հրավիրվելու մասին օգոստոսի 19-ին գրել էր «Ժամանակ» թերթը:

Հիշեցնենք, որ արդեն հրապարակվել են Սահմանադրության նոր նախագծի 1-15-րդ գլուխները: Նախագծով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին:

Առաջիկա օրերին նախագիծը կուղարկվի Հանրապետության նախագահին: Վերջինիս ստորագրելուց հետո այն արդեն քննարկման կդրվի Ազգային ժողովում: