Կոռուպցիայի դեմ պայքարը շատ հեշտ է, չգիտեմ, թե ով է ռուսաստանցիներին ներշնչում այն հիմարությունը, թե կոռուպցիան անպարտելի է: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին՝ «Նովայա գազետա»-ին տված հարցազրույցում:

Լրագրողի պնդմանը, թե Օդեսան բնութագրող երեք գլխավոր  գծերն են կոռուկցիան, կոռուպցիան եւ էլի կոռուպցիան, Սահակաշվիլին հակադրվել է: «Ոչ մի նման բան չկա... Երեք բնութագրող գծերն են՝ տաղանդը, նախաձեռնողականությունը, բացությունը: Մարդկ մեծ սպասումներ ունեն, ես նրանց հետ մշտապես հանդիպում եմ, բոլորին փորձում եմ լսել: Իհարկե, անհնար է այս ամենն արդեն հանդուրժել: Կոռուպցիայի դեմ պայքարը շատ հեշտ է: Չգիտեմ, թե ով է ռուսաստանցիներին ներշնչում այն հիմարությունը, թե կոռուպցիան անպարտելի է: Կարեւոր է անել 2-3 իրական քայլեր, եւ մարդիկ կհասկանան, որ ամեն ինչ տեղից շարժվեց»,-ասել է նա:

Դիտարկմանը, թե իր մոտ ամեն ինչ չստացվեց Վրաստանում, հակառակ դեպքում այնտեղ հետախուզման մեջ չէր լինի, Վրաստանի նախկին նախագահը վստահեցրել է, որ «ոչ մի լուրջ բարեփոխում չի արվում առանց սեփական թիմի հետ կոնֆլիկտների»:
«Դրա համար ռեֆորմատորներին, ինչպես Գորբաչեւին, սովորաբար տապալում են հենց իրենց յուրայինները, որոնք ուզում են իշխանություն ստանալ եւ ապրել նախկինի պես: Դուք երբեք չեք պահպանի ընկերներին, եթե մտադիր եք ինչ-որ բան փոխել: Ես կարող էին մնալ Վրաստանում, ես մեծ ժողովրդական աջակցություն ունեմ, մեր կուսակցությունը լավ վարկանիշ ունի, բայց ես առանց այդ էլ մի քանի տարի նստեցի: Ինձ պետք չէ ամեն գնով մնալ: Նոր քաղաքացիական պատերազմ բացարձակ չէի ցանկանում: Ես համարում եմ, որ Վրաստանին պետք է թույլ տալ հանգստանալ ինձնից, լրջորեն»,-ասել է նա: