Ռուսաստանից ստացվող գազի գինը` հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար, որը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության օգոստոսի 18-ի նիստին, չի նշանակում ջերմէլեկտրակայանների էլեկտրաէներգիայի ինքնարժեքի նվազում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀԾԿՀ-ի Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:
Նրա խոսքով, սահմանի վրա գազի գնի նվազումը 189-ից մինչեւ 165 դոլար մեկ խորանարդ մետրի դիմաց կոչված էր մեղմելու հայկական դրամի փոխարժեքի անկման ազդեցությունը «Գազպրոմ Հայաստան» ՓԲԸ-ի վրա, որը Ռուսաստանից դոլարով է գնում գազը, իսկ բնակչությանը վաճառում է հայկական դրամով: Ձեւավորված` 24 դոլարի տարբերությունը կուղղվի փոխարժեքի փոփոխությունից առաջացած վնասները փոխհատուցելուն եւ թույլ չի տա, որ գազի գինը բարձրանա:
Եթե «Գազպրոմ Հայաստանի» համար տարադրամային բեռը չեզոքացվել է, ապա նրա խոշոր սպառողների համար (ներառյալ ջերմակայանները) այն մնացել է: 10 հազար խորանարդ մետրից ավել գազ օգտագործողները վճարում են 276,98 գործակիցը բազմապատկած տարադրամի փոխարժեքով: Այսինքն եթե նախկինում ջերմային կայանները, ի թիվս այլոց, այդ գործակիցը բազմապատկում էին դրամի 418 փոխարժեքով, ապա այժմ այն 480 է, պարզաբանել է Բաղրամյանը: «Այլ կերպ ասած` բեռը չի վերացել, դրա համար էլ էլեկտրաէներգիայի արտադրման, իսկ դրա հետ մեկտեղ` վերջնական սպառողների համար սակագները նվազեցնելու հիմքեր վերոհիշյալ որոշումը չի տալիս», - ասել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի սահմանին գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց 189 դոլարից 165 դոլարի հասցնելու վերաբերյալ նախագծին: Փաստացի այդ գինը գործում է 2015-ի հունվարի 1-ից, իսկ այժմ հետին թվով կօրինականացվի:




























