Պարտապանի մահվան դեպքում պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում իրենց պահանջները ներկայացնել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին, մինչեւ ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը: Հաշվի առնելով ժառանգական իրավունքին վերաբերող հարցերի շուրջ առաջացած հասարակական մեծ հետաքրքրությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Անդրադառնալով ժառանգության ընդունման կարգին ու ժամկետներին՝ Նախարարությունը հայտնում է, որ ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի եւ ըստ կտակի: Այն կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:

Ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի, իսկ ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Դրա բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում՝ այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում: ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է: Ի դեպ, Երեւանում մինչեւ մահը բնակվող անձանց ժառանգները կարող են գրավոր դիմել եւ ժառանգության իրավունքի վկայագրեր ստանալ ժառանգության բացման վայրի՝ Երեւան քաղաքի ցանկացած նոտարական տարածքի նոտարների կողմից։